Рейтинг@Mail.ru
USD
360.93
EUR
402.36
RUB
4.4786
GEL
139.06
2026 թ. հոկտեմբերի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է «Հայաստանի բրոքերային շուկան — 2026» հետազոտությունը

Այսօր, 13:13
Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա
«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է «Հայաստանի բրոքերային շուկան — 2026» հետազոտությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բրոքերային շուկան շարունակում է աճել, սակայն դրա հետագա զարգացումը պայմանավորված կլինի ոչ այնքան բացված հաշիվների քանակով, որքան ակտիվ ներդրողներ ներգրավելու և պահպանելու կարողությամբ:

Նման եզրահանգման է եկել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը «Հայաստանի բրոքերային շուկան — 2026» փորձագիտական համեմատական հետազոտության արդյունքներով:

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների՝ Ամերիաբանկի, Յունիբանկի, Freedom Finance Armenia-ի, Landmark Capital-ի և Sirius Capital-ի ներկայացուցիչների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա:

Վերլուծությունը բացահայտել է էական տարբերություններ շուկայի մասշտաբների գնահատականներում, բրոքերային ծառայությունների զարգացման մոտեցումներում և ոլորտի հեռանկարների վերաբերյալ պատկերացումներում:

Հարցված մասնակիցների մեծամասնությունը զանգվածային ներդրումների հիմնական խոչընդոտներից մեկն է համարում ներդրումային գիտելիքների պակասը: Այլ սահմանափակումների թվում նշվում են բնակչության ազատ միջոցների սղությունը և կապիտալի ներքին շուկայի ոչ բավարար խորությունը:

«Մեր խնդիրն էր ոչ թե պարզապես հավաքել շուկայի մասնակիցների կարծիքները, այլ համադրել նրանց գնահատականները, բացահայտել համընկնման կետերն ու սկզբունքային տարբերությունները: Հենց նման համեմատական վերլուծությունն է թույլ տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես է փոխվում Հայաստանի բրոքերային շուկան, ինչի հաշվին է այն աճում և ինչ մարտահրավերներ են ծառացած դրա մասնակիցների առջև: Մենք ակնկալում ենք, որ հետազոտությունն օգտակար գործիք կդառնա բանկերի, ներդրումային ընկերությունների և բոլոր նրանց համար, ովքեր ռազմավարական որոշումներ են կայացնում կապիտալի շուկայում», — նշել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:

Հետազոտության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բանկերի և ներդրումային ընկերությունների մրցակցությանը, մասնավոր ներդրողների վարքագծին, բրոքերի ընտրության չափանիշներին, հայկական և արտասահմանյան ֆինանսական գործիքների պահանջարկին, բրոքերային կազմակերպությունների եկամուտների կառուցվածքին, ինչպես նաև մինչև 2030 թ․–ը շուկայի զարգացման հնարավոր սցենարներին:

Ամբողջական տարբերակում ներկայացված են մասնակիցների համեմատական գնահատականները և առանցքային եզրահանգումները շուկայի հեռանկարների վերաբերյալ:

Հետազոտությունը նախատեսված է բանկերի, ներդրումային ընկերությունների, կապիտալի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, վերլուծաբանների և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար:

Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է ձեռք բերման համար: Բովանդակության և ձեռք բերման պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունում՝ [email protected] էլեկտրոնային փոստով:

«ԱՌԿԱ» գործակալության մասին

1996 թվականի մայիսի 1-ին հիմնադրված «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը Հայաստանի առաջատար գործարար և ֆինանսատնտեսական լրատվամիջոցներից է: Գործակալությունը մասնագիտացած է տնտեսության, ֆինանսների, բանկային ոլորտի, ներդրումների և կապիտալի շուկայի լուսաբանման, ինչպես նաև մասնագիտական լսարանի համար վերլուծական հետազոտությունների և մասնագիտացված տեղեկատվական պրոդուկտների պատրաստման մեջ:

ARKA Media Holding -ի կազմում ներառված են նաև Armbanks.am ֆինանսաբանկային պորտալը և Arkatelecom.am պորտալը, որը լուսաբանում է հեռահաղորդակցությունների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը։