Հայաստանը 6,8 մլն դոլարի հայտ է ներկայացրել միջազգային կլիմայական հիմնադրամին՝ Լոռու և Տավուշի վերականգնման համար
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը Կորուստների և վնասների արձագանքման միջազգային հիմնադրամին (FRLD) ներկայացրել է իր առաջին ֆինանսավորման հայտը՝ շուրջ 6,8 միլիոն դոլարի աջակցություն ներգրավելու նպատակով։
Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ֆինանսավորման ներգրավման աշխատանքները քննարկվել են ՀՀ ՇՄ նախարար, COP17-ի շրջանակում համաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի և հիմնադրամի գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի հանդիպման ժամանակ:
Ծրագիրն ուղղված է 2024 թվականի ջրհեղեղներից տուժած Լոռու և Տավուշի համայնքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ու գետամերձ էկոհամակարգերի վերականգնմանը և խոցելի բնակչության աջակցությանը։
«Մեր նպատակն է վերականգնման աշխատանքներին զուգահեռ ամրապնդել համայնքների դիմակայունությունը կլիմայական վտանգների նկատմամբ՝ միջազգային համագործակցությունը վերածելով մարդկանց և բնության համար շոշափելի արդյունքների»,- նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային ֆինանսավորման նշանակությունը կլիմայական վտանգների նկատմամբ դիմակայունության ամրապնդման և տուժած համայնքներին վերականգնման գործում:
Հայկական հայտի վերաբերյալ հիմնադրամի որոշման մասին տեղեկատվություն հաղորդագրության մեջ չի նշվում:
2024 թվականի գարնանային ջրհեղեղի մասին
2024 թվականի մայիսի 25–26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում տեղի են ունեցել լայնամասշտաբ ջրհեղեղ՝ պայմանավորված Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարմամբ։ Այն հանգեցրել է բնակելի տների, կամուրջների, ավտոճանապարհների և այլ ենթակառուցվածքների վնասմանը․ տուժածների թիվը հասել է 40 հազարի։
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի որոշմամբ երկու մարզերի մի շարք տուժած համայնքներ հայտարարվել են աղետի գոտի։
ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի և ԵՄ–ի համատեղ գնահատականի համաձայն՝ աղետից հասցված ուղղակի նյութական վնասը կազմել է 49,43 միլիոն դոլար, իսկ տնտեսական կորուստները՝ 33 միլիոն դոլար։ Տուժած տարածքների վերականգնման ընդհանուր կարիքները գնահատվել են 116,94 միլիոն դոլար։ Ամենամեծ վնասը հասցվել է տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսությանը և բիզնեսին։