Հայաստանը կխստացնի վերահսկողությունը ձկնամթերքի նկատմամբ՝ ԵԱՏՄ շուկայում վստահությունը վերականգնելու համար.ՍԱՏՄ
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՍԱՏՄ-ն կխստացնի վերահսկողությունը ձկնամթերքի և օգտագործվող հումքի նկատմամբ՝ ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի հանդեպ վստահությունը վերականգնելու համար, հայտարարել է գերատեսչության ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է, որ հանդիպման նպատակը ոչ թե պարզապես խնդիրներ արձանագրելն ու մեղադրանքներ հնչեցնելն է, այլ առկա լրջագույն մարտահրավերը ոլորտի վերափոխման հնարավորության վերածելը։
Անդրադառնալով դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կասեցմանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ խնդիրը կարգավորելու համար, նաև հստակեցրել, որ անվտանգության և հիգիենայի չափանիշները չեն կարող աչքաթող արվել։
Արտահանման ներկայացված բոլոր խմբաքանակների նմուշները ներկայացվելու են լաբորատոր հետազոտության՝ մանրէաբանություն, հիվանդություններ ու արգելված նյութերի մնացորդային քանակություն ցուցանիշներով: Նա փաստել է, որ Տեսչական մարմինն այսուհետ է՛լ ավելի է խստացնելու ներքին վերահսկողությունը թե՛ արտադրանքի, թե՛ ձեռք բերվող հումքի նկատմամբ՝ ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի վստահելիությունը վերականգնելու համար։
Տեսչական մարմնի ղեկավարը զգուշացրել է, որ այն արտադրողները, որոնք կշարունակեն անփույթ մոտեցում ցուցաբերել և վտանգել ամբողջ ոլորտի զարգացմանն ու արտահանման հնարավորություններին, կզրկվեն արտահանման իրավունքից, քանի որ մեկ ընկերության պատճառով չպետք է տուժի ամբողջ ոլորտը։
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Եվրոպական Միության շուկաներ ձկնամթերքի արտահանման հնարավորությունների մասին, որն արդեն բաց է հայկական ձկնամթերքի համար՝ եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանության դեպքում։
Արտադրողներին տեղեկացվել է, որ Վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգը (ՎՎՀԿ/HACCP) պետք է գործի անխափան, և պետք է ապահովվի արտադրական շղթայի թափանցիկություն ու հետագծելիություն՝ ձկան կերից ու ջրի որակից մինչև պատրաստի արտադրանք։
ՍԱՏՄ-ն հանդես է գալիս որպես արտադրողների գործընկեր և պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Տեսչական մարմնի մասնագետները պատրաստակամություն են հայտնել այցելել տնտեսություններ, իրականացնել աուդիտ և մատնանշել արտահանմանը խոչընդոտող թերությունները: