ՀՀ-ում 3 մլրդ դրամի չափով վառելիքի մատակարարման հարկերից խուսափելու սխեմա է բացահայտվել
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ոստիկանությունը բացահայտել է 2 մլրդ 919 մլն դրամի դիզելային վառելիքի և բենզինի մատակարարման հարկերից խուսափելու դեպք։
«Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց»,-նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թթ.-երին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում բենզին» ապրանքատեսակների համապատասխան քանակների ձեռքբերումը հավաստող հարկային հաշիվներ, մի շարք ընկերությունների անվամբ հիշյալ իրավասու անձինք դուրս են գրել փաստացի ձեռքբերվածից մոտ յոթ միլիարդ դրամով ավելի մատակարարման հաշիվներ, ինչի հետևանքով իբրև գնորդ հանդիսացած ընկերությունները չեն վճարվել ավելի քան երկու միլիարդ 700 միլիոն դրամի հարկ:
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ փոխկապակցված ընկերություններից մեկը 2023-25 թթ.-երին, չունենալով «Դիզելային վառելիքի» համապատասխան քանակի հարկային հաշիվներ և այս դեպքում նույնպես` առանց փաստացի մատակարարման, այլ ընկերությունների անվամբ դուրս է գրել ձեռքբերման քանակը մոտ 482 մլն դրամով գերազանցող կեղծ հարկային հաշիվներ: Այս մասով նույնպես չի վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 183 մլն դրամի հարկ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:
Նախաձեռնվել է քրեական վարույթ` առանց ապրանքների մատակարարման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: