Рейтинг@Mail.ru
USD
368.21
EUR
427.49
RUB
5.0795
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին

Այսօր, 21:51
Հայաստանում տարածում է գտել զեղծարարության նոր, վտանգավոր տեսակ, որի դեպքում զեղծարարներն օգտագործում են արհեստական բանականությունը՝ ձեր հարազատների, ընկերների կամ գործընկերների արտաքին տեսքի և ձայնի կրկնօրինակման նպատակով
«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում տարածում է գտել զեղծարարության նոր, վտանգավոր տեսակ, որի դեպքում զեղծարարներն օգտագործում են արհեստական բանականությունը՝ ձեր հարազատների, ընկերների կամ գործընկերների արտաքին տեսքի և ձայնի կրկնօրինակման նպատակով։

Խաբության մեխանիզմը․ թվային կրկնօրինակ իրականության փոխարեն 

Զեղծարարներն օգտագործում են նեյրոցանցերը՝ ստեղծելու իրականությանը մոտ տեսանյութեր կամ ձայնային հաղորդագրություններ, որոնցում ձեր բարեկամը, մոտ ընկերը կամ գործընկերը ձեզ են դիմում «շտապ» խնդրով։ 

Արհեստական բանականությանը վարժեցնելու համար զեղծարարներին բավական է մի քանի րոպե տևողությամբ տեսանյութ կամ ձայնագրություն բաց աղբյուրներից, օրինակ՝ Instagram-ի սթորիներից, Facebook-ի հրապարակումներից կամ YouTube-ի տեսանյութերից։ Արդյունքում ստացվում է թվային պատճեն, ձայն և դեմք, որոնք գրեթե անհնար է տարբերակել իրական մարդուց։ 

Եթե միայն մի քանի տարի առաջ կրկնօրինակը հնարավոր էր տարբերակել շուրթերի անբնական շարժումներով, թարթելու բացակայությամբ կամ այլ նախանշաններով, ապա արհեստական բանականության ժամանակակից տարբերակները գրեթե իդեալականորեն կրկնօրինակում են իրականությունը։ Միայն ուշադրության վրա հիմնվելն այժմ բավարար չէ։

Զեղծարարների կողմից օգտագործվող հիմնական սցենարները․

  •       «Ընտանեկան դժբախտություն»։ Մեսենջերում «որդու» կամ «դստեր» կողմից տեսազանգ կամ ձայնային հաղորդագրություն՝ շտապ գումար փոխանցելու խնդրանքով՝ ավտովթարից հետո բուժման կամ «տուժածին» փոխանցելու նպատակով։

  •      «Հասանելիության կորուստ»։ Հաղորդագրություն «ընկերոջից» հեռախոսը կորցնելու մասին, ինչպես նաև խնդրանք նոր հաշվին գումար փոխանցելու համար։

  •       «Կորպորատիվ հարցում»։ Տեսահաղորդագրության կամ ձայնային հաղորդագրության միջոցով «ղեկավարը» խնդրում է աշխատակցին շտապ ուղարկել աշխատանքային թղթապանակի գաղտնաբառը կամ հաստատել կորպորատիվ հաշվից գումարի փոխանցումը։

Հիմնական շեշտը դրվում է տեսողական և ձայնային նմանության վրա, որը նվազեցնում է քննադատական մտածողությունը։ Երբ մենք տեսնում ենք ծանոթ դեմք, վստահության մակարդակը կտրուկ աճում է, և մենք կատարում ենք վճարումը մինչ կհասցնենք գիտակցել խաբեությունը։        

Իրավաբանական ծուղակ 

Եթե դուք, հավատալով թվային կրկնօրինակին, ինքներդ եք փոխանցում գումար կամ տրամադրում գաղտնի տեղեկատվություն, ապա բանկի տեսանկյունից գործարքն օրինական է։ 

Հաշվի օգտատիրոջ կողմից կամավոր փոխանցումը չեղարկման ենթակա չէ։ Նույնը վերաբերում է նաև գաղտնաբառերի կամավոր տրամադրմանը․ նման դեպքերում հենց հաճախորդն է կրում պատասխանատվություն։ 

IDBank-ը խորհուրդ է տալիս․ 

  •       Մի վստահեք մեկ կապի միջոցի։ Ամենակարևոր կանոնը․ եթե ստացել եք անհանգստացնող խնդրանք հարազատի կողմից, միանգամից հետ զանգեք նրան սովորական զանգով կամ գրեք այլ մեսենջերով։ Մի պատասխանեք հենց նույն հաղորդագրությանը, այլ օգտագործեք այլընտրանքային, հաստատված կոնտակտային համար։

  •      Պահեք «գաղտնի» հարց։ Հարցրեք մի մանրուքի մասին, որը գիտեք միայն դուք և այն մարդը, ում անունից ստացել եք հաղորդագրությունը։ Զեղծարարը, ամենայն հավանականությամբ, կանջատի զանգը։

  •       Մի շտապեք։ Նույնիսկ եթե իրավիճակը թվում է կրիտիկական՝ կանգ առեք և դադար վերցրեք։ Մտերիմ մարդը   երբեք չի դատի ձեզ այն մի քանի րոպեների համար, որոնք դուք կծախսեք ստուգման վրա։

  •      Քննարկեք այս թեման ձեր ընտանիքի հետ։ Հատկապես տարեց ծնողների դեպքում, ովքեր կարող են չիմանալ թվային կրկօրինակների գոյության մասին։ Զգուշացված է, նշանակում է՝ զինված է։

Հիշեք․ զեղծարարությունները դառնում են ավելի ու ավելի տեխնոլոգիական, և այսօր անգամ ձեր աչքերն ու ականջները կարող են ձեզ մոլորեցնել։ Միակ հուսալի պաշտպանությունը ձեր ուշադիր լինելն է և պարզ կանոնը՝ ստուգել ցանկացած գումարի կամ տվյալների փոխանցման խնդրանքը մինչև գործարք կատարելը։

Ձեր միջոցներն անվտանգ են այնքան ժամանակ, քանի դեռ դուք դրանք չեք փոխանցել այլ անձի։ 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ