Դատախազությունը 44.3 մլն դրամի վնաս է հայտնաբերել «Արարատցեմենտ»-ի կողմից առողջարանի ձեռքբերման գործում
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության կողմից Արարատ քաղաքի «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում:
Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
Ըստ գործի նյութերի՝ 2003 թվականին Կառավարության որոշմամբ թույլատրվել է 44,3 միլիոն դրամ արժեքով գույքը մրցույթով վաճառել՝ սահմանելով 6,5 միլիոն դրամ նվազագույն գին։ Մրցույթում հաղթած «Արարատցեմենտ»-ը պարտավորվել է երկու տարում կատարել 30 հազար դոլարի ներդրում և ստեղծել 30 աշխատատեղ, սակայն հետագայում ներկայացրել է պարտավորությունների կատարման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր:
Պետական գույքի կառավարման վարչության պետն իր հերթին չի ստուգել փաստերը և դրանք համարել է կատարված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 44,3 միլիոն դրամի վնաս: Բացի այդ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյան 2004 թվականին ոչ վերաբերելի որոշումների հիմքով ընկերության անվամբ ապօրինի գրանցել է 1468,7 քմ մակերեսով շինությունների սեփականության և 3,1 հա հողամասի վարձակալության իրավունքը։
Հայտնաբերված առերևույթ հանցանքի հատկանիշներով դատախազը 2026 թվականի հունիսի 15-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաև հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքի գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը խախտումներ էր հայտնաբերել նաև գործարանի մասնավորեցման ու հողամասերի ձեռքբերման գործընթացում և 2026 թվականի մայիսի 5-ին դիմել էր Կառավարությանը՝ առաջարկելով դիտարկել ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը։ «Արարատցեմենտ»-ին պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափության ուսումնասիրությունները շարունակվում են: