Հայաստանի համար կարող են նոր հնարավորություններ հայտնվել Ուկրաինայում ՌԴ ռազմական օպերացիայի կապակցությամբ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ԱՌԿԱ/. Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիան խիստ մտահոգիչ է, սակայն խնդիրներից բացի, կան նաև որոշակի հնարավորություններ։ Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս իրավիճակն, իհարկե, մեծ մտահոգություն է առաջացնում, առաջին հերթին` հումանիտար տեսանկյունից: Երկու երկրներն էլ մեր խոշոր առևտրային գործընկերներն են: Մեր խոշորագույն առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ, որոնք, անշուշտ, կանդրադառնան մեզ վրա։ Սակայն, կարծում եմ, բացի խնդիրներից, կան նաև որոշակի հնարավորություններ»,- ասաց նախարարը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Օրինակ, ըստ նրա, այն երկրները, որոնք ԵԱՏՄ-ին միանալու ծրագրեր ունեն, դա կարող են անել ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի միջոցով։
«Բացի այդ, ռուսական ընկերությունները կարող են միջազգային շուկաներ հասանելիություն ստանալ Հայաստանի միջոցով, այլ ոչ թե ուղղակի, ինչն արդեն հնարավոր չէ»,- պարզաբանեց նա։
Նախարարը նաև հավելեց, որ Հայաստանը, «իհարկե, չի փորձում պղտոր ջրում ձուկ որսալ»։
«Սակայն հաշվի առնելով, որ կան որոշ հարցեր, և մենք չենք խուսափի որոշակի խնդիրներից` պետք է կարողանանք բաց չթողնել այն հնարավորությունները, որոնք կօգնեն մեզ փոխհատուցել այն բացթողումներն ու կորուստները, որոնք անպայման կլինեն»,- ասաց նա:
Քերոբյանը նաև ասաց, որ ՀՀ կառավարությունը մշակում է տարբեր սցենարներ, որոնք կապված են նաև ռուսական ռուբլու փոխարժեքի, SWIFT-ի, ֆինանսաբանկային համակարգերի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ:
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետության ղեկավարի օգնության հայցին։ Նա ընդգծել է, որ Մոսկվան նպատակ չունի օկուպացնել ուկրաինական տարածքները, նպատակը երկրի ապառազմականացումն ու դենացիֆիկացիան է։ Ինչպես ՌԴ ՊՆ-ն է տեղեկացրել, ռուս զինվորականները չեն հարվածում քաղաքներին, այլ շարքից հանում են միայն ռազմական ենթակառուցվածքները, ուստի խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Արևմտյան երկրները, այս ամենին ի պատասխան, սահմանեցին պատժամիջոցներ՝ ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային, որոնք այդ թում վերաբերում են պետական պարտքին և ՌԴ-ի բանկային ոլորտին: Մասնավորապես, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտնեց նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նկատմամբ պատժամիջոցների մասին։ Բացի այդ, Արևմուտքը սպառնում է նոր պատժամիջոցների կիրառմամբ։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր «կոշտ ֆինանսական պատժամիջոցներ» սահմանել, որոնք նախատեսում են որոշ բանկերի անջատում տեղեկատվության փոխանցման և վճարումների կատարման միջբանկային համակարգից` SWIFT –ից։
Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ հայտարարել են, որ պայմանավորվել են սահմանափակումներ կիրառել ՌԴ-ի Կենտրոնական բանկի նկատմամբ։–0–