Рейтинг@Mail.ru
USD
370.44
EUR
432.9
RUB
4.9006
GEL
137.94
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

ԵՄ-ն Հայաստանի հետ գործընկերությունը նոր մակարդակի է բարձրացնում տնտեսության, թվայնացման և անվտանգության ոլորտներում. Ֆոն դեր Լայեն

Այսօր, 17:42
Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին և մտադրությունը՝ խորացնելու գործընկերությունը տնտեսության, տրանսպորտի, անվտանգության, էներգետիկայի, թվայնացման և վիզաների ազատականացման ոլորտներում, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը
ԵՄ-ն Հայաստանի հետ գործընկերությունը նոր մակարդակի է բարձրացնում տնտեսության, թվայնացման և անվտանգության ոլորտներում. Ֆոն դեր Լայեն

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/. Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին և մտադրությունը՝ խորացնելու գործընկերությունը տնտեսության, տրանսպորտի, անվտանգության, էներգետիկայի, թվայնացման և վիզաների ազատականացման ոլորտներում. հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Հայաստան-ԵՄ գագաթնաժողովն անցկացվեց առավել քան ժամանակին և հնարավորություն տվեց ընդլայնելու մեր կապերը ու մեր բացառիկ համագործակցությունը բարձրացնելու նոր մակարդակի: Մենք դա կանենք մի քանի առաջնահերթ ուղղություններով, որոնցից առաջինը փոխկապակցվածությունն է: Մենք ստորագրել ենք փոխկապակցվածության մասին փաստաթուղթը, որը մեր գործընկերությունը բարձրացնում է նոր մակարդակի», - հայտարարել է ֆոն դեր Լայենը՝ Երևանում հանդես գալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ հայտարարություններով:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման նշանակությունը:

«Շատ քիչ երկրներ ունեն այնպիսի բացառիկ դիրք, ինչպիսին Հայաստանն է: Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապելու ներուժ ունի՝ Հայաստանը վերածելով առանցքային տրանսպորտային հաբի», - ասել է ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է աշխատել հարևան երկրների հետ սահմանային անցակետերի վերակառուցման ուղղությամբ սահմանների բացումից հետո, ինչպես նաև աջակցել Հայաստանի ինտեգրմանը տարածաշրջանային տրանսպորտային ցանցին, մասնավորապես՝ Տրանսկասպյան միջանցքին:

Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է ԵՄ պատրաստակամության մասին՝ աջակցելու Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում: Ըստ նրա՝ դա վերաբերում է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծին և էներգիայի կուտակման համակարգերի կառուցմանը:

Նա առանձնահատուկ շեշտել է թվային ոլորտի, արհեստական բանականության և ինժեներական լուծումների նշանակությունը:

«Հայաստանում զարգանում է ԱԲ և ինժեներական լուծումների զարմանահրաշ ցանց: Դա նրա ուժեղ կողմն է: Մենք խրախուսում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում», - ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության ոլորտում: Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում աջակցում է Հայաստանի զինված ուժերին, ինչպես նաև պատրաստ է օգնել երկրին հիբրիդային հարձակումների, տեղեկատվական մանիպուլյացիաների և ապատեղեկատվության դեմ պայքարում:

«Հայաստանում իշխանության միակ լեգիտիմ աղբյուրը հայ ժողովրդի կամքն է», -հայտարարել է նա:

Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար առաջնահերթություններից է:

«Քանի որ մենք ցանկանում ենք մերձեցնել մեր ժողովուրդներին, հաճույքով ներկայացնում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ առաջին զեկույցը: Այն շատ դրական բնույթ ունի: Վստահ ենք, որ մենք դա կանենք», - ասել է նա:

Ըստ նրա՝ Հայաստանի և Frontex-ի՝ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածության նախաստորագրումը կօգնի բարելավել սահմանների կառավարումը:

Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշեցրել է Հայաստանի համար 2024–2027 թվականների Դիմակայունության և աճի ծրագրի մասին՝ 270 մլն եվրո բյուջեով: Նրա խոսքով՝ ԵՄ-ն ակնկալում է, որ ծրագրի իրականացումը թույլ կտա մոբիլիզացնել 2,5 մլրդ եվրոյի ներդրումներ և կօգնի հայկական բիզնեսին դուրս գալ նոր շուկաներ:

Ֆոն դեր Լայենը նաև նշել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու հարցում ԵՄ աջակցության մասին: