Рейтинг@Mail.ru
USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 25, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում գնաճի թեման նախընտրական շրջանում չի դարձել գերիշխող. ԿԲ նախագահ

Այսօր, 21:05
Գնաճի թեման Հայաստանում ընթացիկ նախընտրական շրջանում չի դարձել գերիշխող, ինչպես հաճախ տեղի է ունենում շատ երկրներում, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
 Հայաստանում գնաճի թեման նախընտրական շրջանում չի դարձել գերիշխող. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/ԱՌԿԱ/․ Գնաճի թեման Հայաստանում ընթացիկ նախընտրական շրջանում չի դարձել գերիշխող, ինչպես հաճախ տեղի է ունենում շատ երկրներում, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե արդյոք կարգավորողը ընտրական փուլի ընթացքում փոփոխություններ է արձանագրում բնակչության սպասումներում։

Նրա խոսքով՝ շատ երկրներում՝ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող, նախընտրական արշավների ժամանակ գնաճը դառնում է հասարակական-քաղաքական դիսկուրսի առանցքային թեմաներից մեկը։

«Շատ  երկրներում նախընտրական  գործընթացի ժամանակ գնաճը լինում է համար մեկ խնդիրը։ Մենք  այդպիսի բան չենք տեսնում, որովհետև վերջին տարիների ընթացքում մեր կառավարման շնորհիվ Հայաստանում գնաճի խնդիրը եղել է լուծված։ Ես չեմ բացառում ցավալի շոկերը, բայց այն ընկալումը, որ Կենտրոնական բանկը տեղում է, և կլուծի գնաճի խնդիրը, կա նաև հասարակության մոտ»,- ասել է Գալստյանը։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճը ապրիլին տարեկան կտրվածքով կազմել է 5,3%՝ մարտի 4,5%-ի դիմաց։ ՀՀ պետական բյուջեով թիրախային ցուցանիշը սահմանված է 3% մակարդակում՝ ±1,5 տոկոսային կետ թույլատրելի շեղմամբ։

2026 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ հաշվետվության մեջ նշվում է, որ Հայաստանում գնաճը 2026 թվականի արդյունքներով, կախված սցենարից, ակնկալվում է 4,4–3,3% սահմաններում։ 2027 թվականի կանխատեսումը կազմում է 3,5–3,1%, իսկ 2028 թվականինը՝ 3,2–3,1%։