ՌԴ վարչապետը կայցելի Հայաստան. նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Հայաստան, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին։
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ակտուալ խնդիրները»՝ հատուկ ուշադրություն դարձնելով «ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական, տրանսպորտի, մաքսային–սոակագնային, գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը»։ Միջկառավարական խորհրդի նիստին կմիանան ԵԱՏՄ դիտորդ երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրեր։
Բացի այդ, ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության ուղղությունները մինչև 2030 թվականը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստերն ավանդաբար անցկացվում են Հայաստանում, և Միշուստինը դրանց մասնակցում է ամեն տարի՝ 2020 թվականին վարչապետ նշանակվելուց հետո։ Խորհրդի վերջին նիստը կայացել է հունիսին Նեսվիժում (Բելառուս)։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, կյանքի է կոչում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումները, որը կազմված է միության երկրների նախագահներից։ Խորհրդի նիստերն անցկացվում են առնվազն տարին երկու անգամ:
Եվրասիական տնտեսական համաժողովը կանցկացվի երրորդ անգամ։ Դրա հիմնական թեման է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներն ու առաջնահերթությունները»։ ՌԴ վարչապետի ելույթը նվիրված է լինելու թվայնացմանը ժամանակակից իրողություններում։