Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ավելի քան 40 մլրդ դրամ կհատկացվի 2014 թ.–ին Հայաստանում Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու շինարարության համար

05.11.2013, 19:30
Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի օրինագծում նախատեսվում է մոտ 40,4 մլրդ դրամ հատկացնել Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու շինարարության համար։
Ավելի քան 40 մլրդ դրամ կհատկացվի 2014 թ.–ին Հայաստանում Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու շինարարության համար
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեի օրինագծում նախատեսվում է մոտ 40,4 մլրդ դրամ հատկացնել Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու շինարարության համար։

Ինչպես նշվում է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի օրինագծում, մասնավորապես` Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) առաջին տրանշի շրջանակներում ավտոմայրուղու կառուցման նպատակով կհատկացնի մոտ 3,3 մլրդ դրամ, ինչը 26 տոկոսով ավելի է 2013 թ.–ի պետբյուջեում գրանցված ցուցանիշից և 47,5 տոկոսով գերազանցում է 2012 թ.–ին փաստացի կատարողանականության ցուցանիշը։

Նախագծի իրականացման համար ԶԱԲ–ի հատկացրած միջոցների ծավալը 2014 թ.–ին երկրորդ և երրորդ տրանշների շրջանակներում կկազմի ավելի քան 19 մլրդ դրամ։

Մնացած միջոցները (ավելի քան 9,5 մլրդ դրամ) Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրով 2014 թ.–ին կտրամադրվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման շրջանակներում իրականցվող աշխատանքների մոտ 60 տոկոսը կավարտվի մինչև տարեվերջ։ 2013 թ.–ի պետբյուջեում նախագծի իրականացման համար նախատեսված է 43,3 մլրդ դրամ։ Նախագիծն իրականացնում է Corsan Corvian Construccion ընկերությունը։

2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։

Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։

Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։

Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակով դիտարկվում է նաև երկաթուղու կառուցում, որը կկապի երկու երկրներին և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի մասը կդառնա։ –0–