ԵԱԶԲ-ն ակնկալում է բարձր տնտեսական ակտիվության պահպանում Հայաստանում 2026 թ.-ին
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է բարձր տնտեսական ակտիվության պահպանում Հայաստանում 2026 թվականին:
«Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2026 թ. հունվար-մարտին աճել է 7,1%-ով (տ/տ)՝ հունվար-փետրվարի 7,4%-ից (տ/տ) հետո: Հիմնական նպաստումն ունեցել են ծառայությունները (+7,4% տ/տ), շինարարությունը (+22,0% տ/տ) և արդյունաբերությունը (+13,4% տ/տ): Արտաքին առևտուրը պահպանել է դրական դինամիկան. արտահանումն աճել է 4,5%-ով (տ/տ), ներմուծումը՝ 4,6%-ով (տ/տ)», - ասված է ԵԱԶԲ-ի շաբաթական մակրոակնարկում:
Հայաստանի տնտեսության ցուցանիշներն ու կանխատեսումները
2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% մակարդակում։ Համաձայն Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (A-B), սպասվում է 7,1-4,7%, 2027 թվականին՝ 5,7-5,3%, 2028 թվականին՝ 4,9-5,2%։ Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2026 թվականի համար. ԵԱԶԲ – 5,3%, ՀԲ – 5,3%, ԱՄՀ – 5,3%, ԱԶԲ – 5,5%, ՎԶԵԲ – 5,5%, S&P Global Ratings – 5,3%, Fitch Ratings – 5%-ից բարձր (2026-2027 թթ. համար)։