Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+21

ՓՄՁ–ների համար հարկվող տարեկան ֆինանսական շրջանառության շեմը պետք է 58,6 մլն դրամից բարձրացվի մինչև 100 մլն դրամ

03.02.2015, 17:38
Հայաստանում ՓՄՁ–ների տարեկան ֆինանսական շրջանառության հարկվող չափը հարկավոր է ներկա 58,6 մլն դրամից հասցնել 100 մլն դրամի, երեքշաբթի լրագրողներին ասաց Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության նախագահ Ստեփան Ասլանյանը։
    
ՓՄՁ–ների համար հարկվող տարեկան ֆինանսական շրջանառության շեմը պետք է 58,6 մլն դրամից բարձրացվի մինչև 100 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ՓՄՁ–ների տարեկան ֆինանսական շրջանառության հարկվող չափը հարկավոր է ներկա 58,6 մլն դրամից հասցնել 100 մլն դրամի, երեքշաբթի լրագրողներին ասաց Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության նախագահ Ստեփան Ասլանյանը։
    
Նրա խոսքով` շեմի բարձրացումը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ոլորտում աշխատող ընկերություններին չանցնել խոշոր բիզնեսի կատեգորիա և պահպանել այդ կատեգորիայի ՓՄՁ–ների համար նախատեսված բոլոր արտոնությունները։

«Դա ՓՄՁ–ների ներկայացուցիչների առաջ հեռանկարներ կբացի արտադրության ընդլայնման և ձեռնարկությունների շրջանառության ավելացման համար, ինչպես նաև կավելացնի դրանց արտահանման հնարավորությունները», – ասաց Ասլանյանը։

«Կասեցում» շարժման առաջնորդ Հարություն Կարապետյանն իր հերթին նշեց, որ այսօրվա դրությամբ միայն հաշվի առնելով տարածքների վարձակալման բարձրացված սակագների վճարը` ՓՄՁ–ների ներկայացուցիչներն արդեն գերազանցում են սահմանված նվազագույն շեմը։

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ապրանքների մեծ մասը ներկրում է, հարկավոր է նաև հաշվի առնել փոխարժեքի տատանումների գործոնը, քանի որ դրամի արժեզրկման հետևանքով ապրանքները թանկացել են մոտ 45 տոկոսով», – ասաց Կարապետյանը։

ՀՀ կառավարությունը 2014 թ.–ի հունիսին հաստատեց երկրի հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու որոշումը, որոնց համաձայն` նախատեսվում է 3,5 տոկոսից 1 տոկոսի նվազեցնել շրջանառության հարկի տոկոսադրույքներն առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։ Այս որոշումը տարածվում է հիմնականում փոքր և միջին բիզնեսի, մասնավորապես` այն ձեռնարկությունների վրա, որոնց տարեկան ֆինանսական շրջանառությունը կազմում է մինչև 58,5 մլն դրամ (մոտ 141 հազար դոլար)։ Տարեկան 12 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են շրջանառության հարկից։

«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2014թ.–ի հոկտեմբերի 1–ից։ Միաժամանակ օրենքով նախատեսվում է կատարել պարտադիր փաստաթղթաշրջանառությունը ՓՄՁ–ների համար, դրա հետ մեկտեղ նախատեսվում է ներդնել այդ պայմանի կատարման ստուգումների դյուրացված ընթացակարգ։

«Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները հավանության են արժանացել կառավարության կողմից հունվարի 31–ին կայացած արտահերթ նիստի ժամանակ և արտահերթ կարգով ներկայացվել են ԱԺ–ի քննարկմանը։

Առևտրի ոլորտի ներկայացուցիչները, ովքեր դժգոհ են պարտադիր փաստաթղթավորման դրույթի կապակցությամբ, սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել կառավարության շենքի և նախագահի նստավայրի առաջ` պահանջելով չեղյալ հայտարարել փոփոխությունները։ Ցուցարարների հետ հանդիպած վարչապետը խոստացել է, որ կառավարությունը չի իրականացնի որևէ քայլ, որը հակասում է հասարակության շահերին։

Արդյունքում որոշվել է մինչև հուլիսի 1–ը հետաձգել պարտադիր փաստաթղթավորման պահանջը փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար ապրանքների գնման դեպքում։ Ըստ օրենքի` այդ դրույթը պետք է ներդրվեր փետրվարի 1–ից։–0–