Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերով

28.06.2017, 17:05
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը:
Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի վարկային գծով ավագ մասնագետ Վիոլին Սիլվեստրոյի գլխավորությամբ։

Քննարկվել են համագործակցության ընդլայնման, էներգետիկ համակարգում իրականացվող նոր ներդրումային ծրագրերում բանկի ներգրավմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է հատկապես պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցությունը, հաղորդում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է էներգետիկ համակարգում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք վերաբերում են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ենթակայանների վերակառուցմանը, «Շնող» ՀԷԿ-ի և կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցմանը։

Խոսելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ներդրումային ծրագրի մասին՝ նախարարը ընգծել է, որ առկա 16 ենթակայաններից արդեն իսկ վերակառուցվել է 10-ը։ Եվս 2-ը հնարավոր կլինի արդիականացնել համակարգում իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին։

«Հայաստանը ակնկալում է բանկի մասնակցությունը մյուս չորս ենթակայանների վերակառուցման ծրագրերին: Դրանով կավարտվի բոլոր ենթակայանների արդիականացումը, ինչը անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցության շրջանակներում էլեկտրաէներգիայի տարանցիկ հոսքերը սպասարկելու համար», – նշել է Աշոտ Մանուկյանը։

Հյուրերին ծանոթացնելով «Շնող» ՀԷԿ-ի և կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրերին՝ նախարարը կարևորել է դրանց ինչպես էներգետիկ, այնպես էլ տնտեսական ու սոցիալական նշանակությունը։

Շնորհակալություն հայտնելով ներդրումային ծրագրերը համակողմանի և մանրամասն ներկայացնելու համար՝ Վիոլին Սիլվեստրոն հայտնել է Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ Եվրոպական ներդրումային բանկի հետաքրքրությունների և համագործակցության պատրաստակամության մասին։–0–