Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ– ն հրաժարվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» կառավարումից

31.05.2018, 11:24
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ն հանդես է եկել պարզաբանմամբ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» ՓԲԸ–ն ընկերության կառավարմանը հանձնելու պայմանագրի չեղարկման կապակցությամբ։
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ– ն հրաժարվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» կառավարումից

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ն հանդես է եկել պարզաբանմամբ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» ՓԲԸ–ն ընկերության կառավարմանը հանձնելու պայմանագրի չեղարկման կապակցությամբ։

Հայաստանի կառավարությունը 2017 թ.-ի օգոստոսի 24-ին կայացած նիստին որոշում է կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր կապիտալ» ընկերությանը փոխանցելու մասին: Համաձայնագրի շրջանակում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը կփոխանցվեր «Տաշիր կապիտալ» ընկերության կառավարմանը, այսինքն 649 231 բաժնետոմս, յուրանչյուրը 13600 դրամ անվանական արժեքով (ընդհանուր առմամբ 8,8 մլրդ դրամի չափով, խմբգր.):

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նախօրեին տեղեկացրել է, որ պայմանագիրը չեղարկվել է, քանի որ այնտեղ եղել են կետեր, որոնք շահավետ չեն պետությանը։

«2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով: Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ն առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը», – նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Իրավիճակը պարզաբանելու համար ընկերությունը ներկայացրել է մի քանի պարզ ցուցանիշ։

««Տաշիր Կապիտալ»-ն առաջարկվում էր ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար, կրճատել  40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահեր: Երկրորդը, «ԲԷՑ»-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին», – նշել են ընկերությունից։

Նաև հաղորդվում է, որ «Տաշիր Կապիտալ»-ի սկզբունքային դիրքորշում էր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման 200 մլն ԱՄՆ դոլար արժեք ունեցող նախագիծը (վերջնական հաշվարկներով այս թիվը կարող էր հասնել մինչև 240 մլն ԱՄՆ դոլար) տեխնիկապես ավելի գրագետ իրականացնել՝ դրա ընդհանուր արժեքը դարձնելով 70 մլն դոլար:

«Արդյունքում` կտնտեսվեր պետության համար 130 մլն ԱՄՆ դոլար՝  պետական պարտքի բեռը 520 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 390 մլն ԱՄՆ դոլարի, ինչպես նաև կնվազեր էլեկտրաէներգիայի սակագնի բեռը», – նշվում  է ընկերության տարածած հայտարարության մեջ։ 

Նշվում է նաև, որ հավատարմագրային կառավարման անցման նպատակն էր կառավարման արդյունավետության բարձրացումը, ընթացիկ ծախսերի օպտիմալացումը՝ միավորելով բաշխիչ ու հաղորդող ցանցի ուժերը:

«Պետության համար ամենաշահեկան կետն այն էր, որ «Տաշիր Կապիտալ»-ի կողմից կառավարման ստանձնման պարագայում պետությունը հետագա ֆինանսավորման բեռն այլևս չէր կրի: Ծրագրերը կիրականացվեին «Տաշիր Կապիտալ»-ի կողմից ներգրավված միջոցների հաշվին, որոնք կներգրավվեին առանց պետական երաշխիքի և առանց պետական պարտքի վրա ազդեցության»,  – նշում է ընկերությունը։

Հաղորդվում է նաև, որ «Տաշիր Կապիտալ»-ի 6-ամսյա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ի կողմից գրանցված ծախսերի արդյունավետությունը հետևյալն է.

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքների նվազեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնում մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն է ապահովվել:

Դրամական հոսքերի կառավարման արդյունքում տարեկան 300 մլն ՀՀ դրամի եկամուտ կգրանցվի 2018թ.-ին:

Աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ խնայված միջոցները տարեկան 400 մլն ՀՀ դրամ կկազմեն: Ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում ապահովվել է մոտ 8 մլն ԱՄՆ դոլարի պարտքային բեռի կրճատում:

«Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր Կապիտալ»-ին ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող: Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը։ Այս առումով տարակուսանք ենք հայտնում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ առ այն, որ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալ»-ի միջև կնքված պայմանագրի որոշ դրույթներ պետությանը ձեռնտու չեն: Պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության և «Տաշիր Կապիտալ»-ի միջև որևէ կետ չի քննարկվել, որևէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել առավել ևս նորանշանակ նախարարի մասնակցությամբ», – հայտարարել են ընկերությունից։

«Այսօր էլ պատրաստ ենք մեր փորձը փոխանցել պետական կառավարիչներին՝ մաղթելով նրանց առավել արդյունավետ կառավարում», – նշել են «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ից։

«Տաշիր» ընկերությունների խումբը (որը ղեկավարում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը) 2015 թ.-ի սեպտեմբերին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ռուսական էներգահոլդինգից գնել է հայկական երկու էներգետիկ ակտիվները` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն և Հրազդանի ՋԷԿ–ը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն էներգետիկ ընկերություն է, որն էլեկտրաէներգիա է տրամադրում Հայաստանի սպառողներին, այդ թվում`բնակչությանը:-0-