Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Սարոյան. «Էլցանցերի» ցուցակումը բորսայում կազատեր ընկերությանը ճգնաժամից

13.10.2015, 17:41
Ֆոնդային բորսայում «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի ցուցակման առկայությունը թույլ կտար ընկերությանը խուսափել ճգնաժամային իրավիճակներից, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։
Սարոյան. «Էլցանցերի» ցուցակումը բորսայում կազատեր ընկերությանը ճգնաժամից

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆոնդային բորսայում «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի ցուցակման առկայությունը թույլ կտար ընկերությանը խուսափել ճգնաժամային իրավիճակներից, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«Եթե Էլցանցերը ներկայացված լինեին բորսայում, և ընկերության բաժնետոմսերի մի մասը պատկաներ բնակչությանը, ապա հնարավոր է, որ սակագների բարձրացման, ընկերության գործունեության արդյունավետության հետ կապված հարցերը շատ ավելի հեշտ լիներ լուծել կամ հնարավոր լիներ ընդհանրապես խուսափել նման խնդիրներից», – նշեց Սարոյանը։

Նրա խոսքով` նման դեպքում բաժնետերերը հնարավորություն կստանային հետևել ընկերության գործունեությանը, ուսումնասիրել ֆինանսական հաշվետվությունները ոչ թե տարին մեկ անգամ կամ ճգնաժամային իրավիճակի դեպքում, այլ` պարբերաբար։

Սարոյանը պարզաբանեց, որ առավելությունները, որոնք ունենում է ընկերությունը ֆոնդային շուկայում ցուցակման առկայության դեպքում, առաջին հերթին լուծում են շուկայի մասնակիցների կողմից հուսալիության և վստահության աճի հարցը, ավելացնում ընկերության ճանաչվածության մակարդակը։ «Ցուցակման շնորհիվ ընկերությունը դառնում է թափանցիկ, որոշակի կառույցներ (մասնավորապես աուդիտը, տարեկան ժողովը, խորհուրդը) վերահսկում են դրա գործունեությունը։ Իսկ ամենագլխավորն այն է, որ հասարակության նկատմամբ ընկերության պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն մատակարար–հաճախորդ փոխհարաբերություններով», – ավելացրեց նա։

 Բորսայի տնօրենի խոսքով` բնակչությունը, որը նաև բաժնետեր է, կստանար որոշակի իրավունքներ պահանջելու սեփականատերերից տարբեր տեսակի տեղեկատվություն ընկերության գործունեության արդյունքների մասին։

«Այս դեպքում հասարակությունն իրավունք կունենար պահանջներ ներկայացնել ընկերությանը ոչ թե որպես բաժնետեր, այլ որպես համասեփականատեր։ Այդ դեպքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հաճախորդի տեսակետից անընդունելի կլիներ, սակայն բաժնետիրոջ, համասեփականատիրոջ տեսակետից` հնարավոր սցենար», – պարզաբանեց նա։

«Էլցանցերը» հայտնվեցին հասարակության ուշադրության կենտրոնում հունիսի 17–ից հետո, երբ ՀԾԿՀ–ն որոշեց 16,7 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները։ Երևանում և Հայաստանի մարզերում  կազմակերպվեցին ցույցեր և բողոքի ակցիաներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Հասարակության դժգոհությունը զսպելու նպատակով իշխանությունները համաձայնվեցին աուդիտ անցկացնել։–0–