Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ երկրորդ նախագահը բացասական է վերաբերվում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը

13.01.2014, 15:02
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  բացասական է վերաբերվում Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը։
ՀՀ երկրորդ նախագահը բացասական է վերաբերվում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  բացասական է վերաբերվում Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը։

«Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը և հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը:

Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում», – հայտարարել է Քոչարյանը իր ոչ պաշտոնական կայքում տեղադրված հարցազրույցի մեջ։

2014 թվականի հունվարի 1–ից երկրում պարտադիր կարգով ներդրվում է կուտակային կենսաթոշակային համակարգը։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամեն ամիս իրենց կուտակային հաշվին կփոխանցեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, սակայն ոչ ավել, քան 25 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով 61 դոլար), իսկ ձեռներեցների համար` 300 հազար դրամ (740 դոլար) կփոխանցի պետությունը։

«Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած  տատանողականությունն է, ինչի հետևանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը:

Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է», – կարծում է Քոչարյանը։  

Նախկին նախագահը նշել է, որ Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա, և ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով:

«Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները և շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետև մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաև արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը)», – նշել է նա։

Քոչարյանի խոսքերով` որևէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի և բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում  հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ:

Նրա կարծիքով` կառավարությունը պետք էր դիտողություններից շատերին ականջալուր լիներ: «Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտակումները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, և որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում», – ավելացրել է նախկին նախագահը։

Քոչարյանը նաև նշել է, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունման հարցն ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ, սակայն կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:

«Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը  հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, և պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ ի հակառակ իր համոզմունքների, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա», – ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն այլընտրանք չունի Հայաստանի քաղաքացիների արժանի ծերության ապահովման գործում, այն արմատական փոփոխություն է հայկական հասարակության համար։

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը ևս աջակցում է Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը։

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն ցանկանում իրենց աշխատավարձի 5 տոկոսը վստահել կառավարությանը, քանի որ վստահ չեն, թե 63 տարեկանը լրանալուց հետո այդ գումարները հետ կվերադարձվեն։ –0–