Рейтинг@Mail.ru
USD
368.44
EUR
425.59
RUB
5.1179
GEL
138.69
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայկական ծիրանը պետք է դառնա ոչ թե հումք, այլ գլոբալ բրենդ. Ջրբաշյանը նշել է 3 քայլ

Երեկ, 16:43
Հայաստանը պետք է վերանայի ծիրանի արտահանման մոտեցումը և այն զանգվածային հումքային ապրանքից վերածի պաշտպանված ինքնությամբ ու բարձր հավելյալ արժեքով արտադրանքի
Հայկական ծիրանը պետք է դառնա ոչ թե հումք, այլ գլոբալ բրենդ. Ջրբաշյանը նշել է 3 քայլ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․Հայաստանը պետք է վերանայի ծիրանի արտահանման մոտեցումը և այն զանգվածային հումքային ապրանքից վերածի պաշտպանված ինքնությամբ ու բարձր հավելյալ արժեքով արտադրանքի։ Նման կարծիք է հայտնել «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

Նրա խոսքով՝ հայկական ծիրանն ունի գիտությամբ ամրագրված եզակի առավելություն. ծիրանի լատիներեն անվանումը՝ Prunus armeniaca, նշանակում է «հայկական սալոր»։

« Երբ Լիննեյը 18-րդ դարում դասակարգեց բուսական աշխարհը, հենց Հայաստանն է նշել որպես այս մրգի ծագման վայր։ Սա ոչ թե լեգենդ է, ոչ թե ազգային հպարտության հնարք — սա գիտական փաստ է որ ամրագրված է բնագիտության մեջ երեք հարյուր տարի է», - իր սոցցանցերում գրել է Ջրբաշյանը։

Ինչպես նշում է Ջրբաշյանը, տասնամյակներ շարունակ մենք այս միրգը վաճառել ենք կիլոգրամով, ռուսական շուկայում, 40-70 ցենտով, առանց անվան, առանց պատմության, առանց ինքնության։ Ինչպես ցանկացած ապրանք։

Ջրբաշյանը կարծիք է հայտնել, որ ռուսական շուկայի փակվելը կամ սահմանափակվելը չպետք է ընկալվի որպես լոկ նոր մեծածախ գնորդ փնտրելու առիթ։ Սա, նրա համոզմամբ, ոչ թե փոխարինման, այլ մոդելի տրանսֆորմացիայի պահ է։

Նրա գնահատմամբ՝ Ռուսական մոդելը տալիս էր ճյուղին տարեկան 10-18 միլիոն դոլար։ Հասուն գլոբալ մոդելը — Եվրոպա, ԱՄՆ, Պարսից ծոց — կտա 150-200 միլիոն դոլար։ Ավելի փոքր ֆիզիկական ծավալով, ավելի բարձր վերահսկողությամբ, առանց աշխարհաքաղաքական կախվածության։

Երեք անհրաժեշտ քայլերը

Առաջինը, ինչ առաջարկում է Ջրբաշյանը, թարմ, չփաթեթավորված և չբրենդավորված հայկական ծիրանի մեծածախ արտահանումից ամբողջությամբ հրաժարվելն է։

«Բերքի ընտիր 10%-ը գնում է թարմ արտադրանքի պրեմիում խողովակներ, վաճառվում է հատով։ Մնացած ամեն ինչ վերածվում է չրերի, մուրաբայի, էքստրակտների և էսենցիաների՝ բոլորը մեկ ինքնության, մեկ աշխարհագրական նշման, ծագման մեկ պատմության ներքո», - գրում է նա։

Երկրորդ քայլը ԵՄ-ում աշխարհագրական նշման պաշտպանության հայտ անհապաղ ներկայացնելն է։

«Անմիջապես սկսել GI գործընթաց Եվրոպայում — Prunus armeniaca-ն մեր իրավական փաստարկն է որ ոչ ոք չի կարող վիճարկել», - պնդում է նա։

Երրորդ քայլը հայկական սփյուռքը որպես առաջին շուկա և առաջին ներդրող ներգրավելն է։

«Ակտիվացնել սփյուռքը — Լոս Անջելեսը, Փարիզը, Դուբայը — որպես առաջին շուկա և ներդրող։ Սա սենտիմենտալություն չէ։ Սա ռացիոնալ տնտեսական վարքագիծ է՝ ներկառուցված դիստրիբյուցիոն ցանցով», - ընդգծում է Ջրբաշյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի առջև ծառացած հարցը ոչ թե Ռուսաստանին փոխարինելն է.

« Հարցն այն է,թե երբ ենք մենք սկսելու կառուցել դրա վրա», -եզրափակում է նա։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակում է մտցրել Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։