Նախարար. ԱԷԿ–ի շահագործման երկարացումը համաձայնեցվել է ԵՄ–ի հետ.

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստնը Եվրամիության հետ համաձայնեցրել է ԱԷԿ–ի շահագործումը 10 տարով երկարացնելու հարցը ստորագրված` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Սպառողների իրավունքների պաշտպանության միության ղեկավար Արմեն Պողոսյանը մայիսի 22–ին հայտարարեց, որ ԵՄ–ն մի քանի անգամ ուլտիմատիվ պահանջներ է ներկայացրել հայկական ԱԷԿ–ի փակման ժամկետի կապակցությամբ, և վերջինը ստացվել է մի քանի օր առաջ։
«Մենք ԵՄ–ի հետ համաձայնեցրել ենք հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացումը, և այսօր այդ հարցը մեզ չի մտահոգում», – ուրբաթ լրագրողներին ասաց Գրիգորյանը։
2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը ԵՄ–ի հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ անդամ բոլոր 28 երկրներն ու Հայաստանը վավերացնեն այն։
2018 թ.–ի ապրիլի 12–ին ՀՀ ԱԺ պատգամավորները վավերացրեցին համաձայնագիրը։ Քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, որ ԵՄ–ի հետ համագործակցությունը չի նախատեսում որևէ ձևակերպում ԱԷԿ–ի փակման հարցով։-0-