Թուրքական ապրանքների ներկրման արգելքը լուրջ խնդիրներ կստեղծի Հայաստանի ՓՄՁ–ի համար
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Թուրքական ապրանքների ներկրման արգելքը լուրջ խնդիրներ կստեղծի հայկական մեծ և փոքր ձեռնարկատիրության համար, ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հաղորդել է, որ դիտարկվում է հանրապետություն թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հնարավորությունը: Նրա խոսքով, այս հարցի շուրջ համապատսխան ուսումնասիրություններ են իրականացվում: Առաջին հերթին դիտարկվում են այն ապրանքները, որոնք սպառնում են Հայաստանի տնտեսությանը` թե´ որակի, թե´ մրցակցության տեսանկյունից:
«Թուրքական շուկայի հետ կապված են հիմնականում ՓՄՁ-ի ներկայացուցիչները: Թուրքական ապրանքների ներկրման արգելքը կվատացնի Հայաստանի տնտեսության մեջ առանց այդ էլ առկա խնդիրները` գործազրկությունը և մրցակցության բացակայությունը», - նշեց Խաչատրյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ նման որոշում, այնուամենայնիվ, չի ընդունվի:
«Ինձ համար այդ որոշումն անմիտ է և չունի տնտեսական ոչ մի հիմնավորում և հաշվարկ: Նման քննարկումները, մասնավորապես ԱԺ-ում, ես համարում եմ չափազանց «խիզախ»: Նման որոշումների ընդունման համար նախևառաջ հարկավոր է, որ դրան պատրաստ լինի երկրի տնտեսությունը», - ասաց տնտեսագետը:
Նա նշեց, որ Հայաստանում ձեռնարկատիրության հնարավորությունները սահմանափակ են: «Խնդիրն հենց այստեղ է, այլ ոչ թե թուրքական ապրանքների ձեռքբերման մեջ: Ինձ համար ամենակարևորն այն է, որ սպառողներն իրենք որոշեն, թե ինչ ապրանքները գնեն», - ընդգծեց տնտեսագետը:
ԱՎԾ–ի տվյալներով, 2015 թ.-ին Թուրքիայից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 136,9 մլն դոլար` նախորդ տարվա 232,3 մլն դոլարի դիմաց (41 տոկոսի նվազում): Թուրքական ապրանքները կազմում են Հայաստան ներկրվող ապրանքների ողջ ծավալի 4,2 տոկոսը: -0-