Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում ոռոգման ջրի գնի աճ չի սպասվում. նախարար

24.12.2014, 14:33
Հայաստանում ոռոգման ջրի գնի աճ չի սպասվում, չորեքշաբթի ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Հայաստանում ոռոգման ջրի գնի աճ չի սպասվում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոռոգման ջրի գնի աճ չի սպասվում, չորեքշաբթի ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Հայաստանում ոռոգման ջրի գնի աճ չի լինի անգամ օգոստոսին ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի գնի աճի  և հնարավոր հետագա փոփոխության կապակցությամբ», – ասաց Կարապետյանը։

Նրա խոսքերով` անգամ ոռոգման ջրի սակագնի աճի դեպքում տարբերությունը, ինչպես հիմա, կսուբսիդավորվի պետության կողմից։

Նա նշեց, որ օգտագործողների համար վերջնական սակագինը կպահպանվի 11 դրամ/խմ` անկախ այն բանից, թե ինչպես է մատակարարվում ջուրը` պոմպով, թե ինքնահուսով։

Նախարարը նաև ճիշտ համարեց երկրի բոլոր մարզերի համար միասնական սակագնի կիրառման մոտեցումը` անկախ ջրամատակարարման համար կիրառվող տեխնոլոգիաներից։

Կարապետյանը նաև հերքեց շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե ջրային տնտեսության կոմիտեից հեռացվել են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ կոմպետենտ գործունեության պատճառով։

Ջրային տնտեսության պետական կոմիտեն, կառավարության դեկտեմբերի 4–ի որոշմամբ, հանվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմից և ներառվել էր Գյուղնախարարության կազմի մեջ։ Որոշումն ընդունվել էր` հաշվի առնելով այն, որ գերատեսչության լիազորությունների հիմնական մասն առնչվում է ոռոգման ոլորտին, ինչն անմիջական կապ ունի Գյուղնախարարության հետ և թույլ կտա բարձրացնել կառավարման արդյունավետությունը։

«Կոմիտեում աշխատանքից դուրս է եկել երկու հոգի, ընդ որում երկուսն էլ` սեփական ցանկությամբ, և նրանց մասնագիտական որակների հետ դա ոչ մի կապ չունի», – ասաց նախարարը։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ նոյեմբերի 21–ին Վահե Հակոբյանը, վարչապետի որոշմամբ, ազատվեց զբաղեցրած պաշտոնից, որտեղ աշխատում էր սեպտեմբերի 9–ից ($1 – 458,51 դրամ)։ –0-