Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 22, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի կառավարությունը մոտ 152 մլն դրամ է հատկացրել ՓՄՁ աջակցությանը

24.12.2014, 19:44
Մոտ 152 մլն դրամ է հատկացվել 2014 թվականին Հայաստանի պետբյուջեից փոքր և միջին բիզնեսի պետական աջակցության շրջանակում, լրագրողներին չորեքշաբթի ասաց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման օժանդակության ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը։

Հայաստանի կառավարությունը մոտ 152 մլն դրամ է հատկացրել ՓՄՁ աջակցությանը
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոտ 152 մլն դրամ է հատկացվել 2014 թվականին Հայաստանի պետբյուջեից փոքր և միջին բիզնեսի պետական աջակցության շրջանակում, լրագրողներին չորեքշաբթի ասաց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման օժանդակության ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը։

«Պետական բյուջեից փոքր և միջին բիզնեսի զարգացման օժանդակության ծրագրի շրջանակում Հայաստանում այս տարի հատկացվել է 151 983 700 դրամ։ Սակայն միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության գումարը գործնականում եռապատկվել է»,– ասաց Պետրոսյանը։

ՓՄՁ ԶԱԿ–ի ղեկավարը նշեց, որ վարկային երաշխիքների տրամադրման, սկսնակ գործարարների աջակցության, ճյուղային օժանդակության, ինչպես նաև տեղեկատվական, խորհրդատվական և ուսումնական օժանդակության գծով օգնություն է տրամադրվել մոտ 6 000 տնտեսվարող սուբյեկտների։

Նրա խոսքով, ՓՄՁ ԶԱԿ–ը վարկային երաշխիքներ է տրամադրել նաև ՓՄՁ 227 նոր և սկսնակ ներկայացուցիչների, որոնցից 10 գործող էին, իսկ 217–ը` սկսնակ։

«ՓՄՁ ԶԱԿ–ի տրամադրած վարկային երաշխիքների ընդհանուր գումարը 2014 թվականին կազմել է 908.5 մլն դրամ։ Միջազգային գործընկեր կազմակերպություններից ներգրավված միջոցների շնորհիվ վարկային երաշխիքների ֆոնդն ավելացել է ևս 170 մլն դրամով` կազմելով 1 մլրդ 787 մլն դրամ, որոնցից արդեն երաշխավորվել են ավելի քան 1.5 մլր դրամի վարկեր»,– ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա` հատկացվող միջոցների 95 տոկոսն ուղղվել է մարզեր, կառավարության գերակայությունների համաձայն, և դա պարտադիր պայման է պետօժանդակության բոլոր ծրագրերի համար։

«Հայաստանի բոլոր մարզերում սկսնակ գործարարների աջակցության 26 ծրագրերի շրջանակում դասընթացների և խորհրդատվությունների են մասնակցել 537 սկսնակ ձեռնարկատերեր, որոնցից աջակցություն է ստացել և գործունեություն է սկսել 201 գործարար»,– ընդգծեց Պետրոսյանը։

Հայաստանի գործատուների միության տվյալներով` Հայաստանում ներկայում գործում է ՓՄՁ մոտ 70 հազար ձեռնարկություն, դրանցից 58 հազարը` միկրո– և փոքր ձեռնարկություններ, իսկ 10 հազարը ներկայացնում են միջին բիզնեսը։ Հայաստանի ՀՆԱ–ում ՓՄՁ բաժնեմասը կազմում է 43 տոկոս։ (1$ - 461,10 դրամ)։
-0-