ԵԿԱ երկրները հրատապ միջոցներ են ձեռնարկում տնտեսական ակտիվներն ավելի արդյունավետ օգտագործելու համար. Համաշխարհային բանկի զեկույց
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն առկա տնտեսական ակտիվներն ավելի արդյունավետորեն օգտագործելու և իրենց ընկերությունների ու ժողովրդի կարողություններում ներդրումներ անելու համար, ինչը հնարավորություն կտա ավելի արագ աճ ապահովել»,- նշվում է Համաշխարհային բանկի խմբի՝ «Փոփոխությունների ալիքներ. արտադրողականության աճի խթանումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» այսօր հրապարակած զեկույցում։
Նշվում է, որ լրացուցիչ կապիտալ և աշխատուժ ներգրավելը թեև անհրաժեշտ է, բայց բավարար չէ տնտեսական աճը խթանելու համար, քանի որ այն կազմում է աճի բանաձևի միայն մի մասը։ Բանաձևի մյուս մասը արտադրողականությունն է՝ չափորոշիչը, թե որքան արդյունավետ են օգտագործվում այդ կապիտալն ու աշխատանքը։
Արտադրողականության նույնիսկ 10% աճը կարող է տարածաշրջանում շուրջ 2 միլիոն աշխատատեղ ստեղծելու հնարավորություն ստեղծել։ Այս փաստը շատ լավ արտացոլում է տարբեր երկրներում ու ոլորտներում արտադրողականության և զբաղվածության աճի միջև առկա սերտ կապը։
Զեկույցում նշվում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տարածաշրջանում աճի դանդաղումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է արտադրողականության նվազմամբ։ Այնպես է ստացվել, որ այս դանդաղումը համընկել է բարեփոխումների տեմպի դանդաղեցման հետ, ինչի հետևանքով շուկայի խաթարումները (օրինակ՝ պակաս արդյունավետ պետական ձեռնարկությունների նկատելի առկայությունը) շարունակվել են, իսկ ռեսուրսները չեն ողղորդվել այնպիսի ոլորտներ, որոնցում դրանք կարող էին ապահովել առավելագույն եկամուտ։ Համաշխարհային շուկաներում թերևս ոչ լիարժեք ինտեգրման ու ընկերությունների թույլ զարգացած կարողությունների հետ միասին՝ այս գործոնները դառնում են արտադրողականությունը զսպող գործոններ՝ սահմանափակելով երկրների ներուժը։ Իսկ առանց արտադրողականության ավելացման՝ լրացուցիչ կապիտալ ներդրումների եկամտայնությունն այսօր ապահովում է ավելի քիչ արդյունք, քան նախկինում։
Զեկույցում նշվում է նաև, որ արտադրողականության խթանումն ի վերջո հանգեցնում է ավելի բարեկեցիկ կյանքի, ավելի մեծ թվով աշխատատեղերի և ավելի բարձր աշխատավարձերի։ Եթե Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների՝ 2008-ից հետո արձանագրված աճի տեմպը համընկեր մինչև ֆինանսական ճգնաժամը եղած տեմպին, տարածաշրջանի ՀՆԱ-ն կարող էր մոտ 62 %-ով ավելի բարձր լինել։
Համաշխարհային բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, արդյունքներն ընդգծում են բարեփոխումների ավելի կենսունակ օրակարգի հրատապ անհրաժեշտությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մասնավորապես արտադրողականության օրակարգն ազգային ծրագրերում և բյուջեում համընդգրկելու, շուկայում մրցակցություն ապահովելու, պետական գնումների թափանցիկությունը վերահսկելու և բարեփոխումների առաջընթացը չափելու հարցերում կառավարությունների կարևոր դերին։
Զեկույցը եզրակացնում է, որ պատշաճ քաղաքականություններ ունենալու և քաղաքական ղեկավարների, բիզնես առաջնորդների ու գործընկերների կողմից այս հանձնառությունը ստանձնելու պարագայում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները կկարողանան նոր թափ հավաքել և փոխել իրենց տնտեսական ապագան։