Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում տեղական արտադրողին ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ

08.08.2014, 16:05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր պտուղ-բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում հորդորել է տեղական արտադրողներին ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում տեղական արտադրողին ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր պտուղ-բանջարեղեն վերամշակող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում հորդորել է տեղական արտադրողներին ավելի ակտիվացնել կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կարապետյանը կոչ է արել արտահանող ընկերություններին ավելացնել հայկական արտադրանքի արտահանման ծավալները` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։  

«Ելնելով գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հրամայականից` հարկավոր է ակտիվացնել մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ, մասնավորապես, արտահանման ծավալների ավելացման տեսանկյունից, գյուղատնտեսական բոլոր արտադրատեսակների համար` սկսած պտուղ-բանջարեղենից մինչև միս և կաթնամթերք: Հատկապես այսօր, երբ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Եվրոպական շատ երկրներից՝ Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև ԱՄՆ-ից սննդամթերքի մեծ տեսականու ներկրումները»,– ասել է նախարարը։

«Մեզ համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ գինիների, հյութերի, ջրերի, պտուղ-բանջարեղենի և դրանցից պատրաստված պահածոների, կաթնամթերքի և մսամթերքի արտահանման ծավալների կտրուկ մեծացման համար»,– նշել է նախարարը։

«Հարկավոր է Մոսկվա և մյուս խոշոր քաղաքներ գործուղել պատասխանատու աշխատակիցների՝ տեղում պահանջարկի ծավալների ճշգրտման և պայմանագրերի կնքման համար: Մեզ ընձեռված նպաստավոր պայմաններից պետք է հնարավորինս օգտվենք»,- մասնավորապես նշել է Կարապետյանը:

Նախարարը կարևորել է նաև ՌԴ-ում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը, տեղեկացնելով, որ այս տարվա հոկտեմբերի 8-ից 11-ը Մոսկվայում կանցկացվի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի 75-ամյակին նվիրված գյուղատնտեսական ցուցահանդես: Սերգո Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել այդ խոշորագույն միջոցառմանը մասնակցելու ուղղությամբ, իր կողմից խոստանալով հնարավորինս աջակցել նրանց այդ խնդրում: -0-