Հայաստանի բոլոր փոքր ՀԷԿ–երի հզորությունը կհասցվի 467 ՄՎտ–ի․ ՀԾԿՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի թիվը կհասցվի 207-ի, իսկ դրանց ընդհանուր հզորությունը՝ 467 ՄՎտ–ի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ներկայացնելով իր գլխավորած կառույցի 2024 թ․ գործունեության հաշվետվությունը։
«Վերականգնվող էներգետիկայի զարգացումն ու դրա շնորհիվ հանրապետության էներգետիկ անվտանգության բարձրացումը մշտապես եղել և մնում է հանձնաժողովի համար առաջնահերթ ուղղություն։ 2024 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում էր 191 փոքր ՀԷԿ, ևս 16-ը՝ կառուցման փուլում։ Դրանք շահագործման հանձնելուց հետո հանրապետությունում կգործի 207 փոքր ՀԷԿ՝ ընդհանուր 467 ՄՎտ հզորությամբ», – նշել է Մեսրոպյանը։
Անդրադառնալով արևային էներգետիկային՝ նա հայտնել է, որ հանրապետությունում գործում էր 72 արևային էլեկտրակայան, ևս 47-ը կառուցվում է։ Նշվել է, որ դրանցից «Մասրիկ-1» կայանը շահագործման թույլտվություն ստացել է 2025 թ․ մայիսի 14-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Կառուցվող արևային կայանների գործարկումից հետո դրանց ընդհանուր թիվը կհասնի 119-ի, իսկ ընդհանուր հզորությունը՝ 577 ՄՎտ–ի», – ասել է Մեսրոպյանը՝ հավելելով, որ այս թվերը վերաբերում են էլեկտրաէներգիայի լիցենզավորված արտադրողներին։
«Մինչդեռ, վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Հայաստանում տարեցտարի աճում է նաև ինքնավար էներգիաարտադրության նշանակությունը։ 2024 թ․ վերջին այդ ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների թիվը հասել է 31,249-ի, իսկ ընդհանուր հզորությունը՝ 420 ՄՎտ–ի։ Խոսքը բնակելի տների տանիքներին տեղադրված արևային վահանակների մասին է, ոչ թե արդյունաբերական արտադրողների։ Այս ոլորտում հզորությունն ամեն տարի ավելանում է 15 ՄՎտ–ով», – տեղեկացրել է հանձնաժողովի նախագահը։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024 թ․ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը գերազանցել է 9.38 միլիարդ կՎտ/ժ–ն, ինչը 6.5 տոկոսով ավելի է, քան 2023 թ․։ Ամենամեծ մասնաբաժինը՝ 37.5%, բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին, ապա՝ Հայկական ԱԷԿ-ին՝ 30.2%, ՀԷԿ-երին՝ 21.9%։ Արևային կայանների բաժինը կազմել է 10.4%, իսկ հողմաէլեկտրակայաններինը՝ 0.02%։