Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի պետական կադաստրի չափումների մասնագետները կգործեն նաև մարզերում

03.09.2013, 19:53
ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) չափումների մասնագետները կգործեն նաև Հայաստանի բոլոր մարզային կենտրոններում և խոշոր համայնքներում, հայտնեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը։
Հայաստանի պետական կադաստրի չափումների մասնագետները կգործեն նաև  մարզերում
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) չափումների մասնագետները կգործեն նաև Հայաստանի բոլոր մարզային կենտրոններում և խոշոր համայնքներում, հայտնեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը։

«Մեր նպատակն է կանխել անշարժ գույքի չափումների գների անհիմն բարձրացումը, որը հաճախ իրականացվում է մասնավոր հատվածի կողմից։ Մենք հաճախ ենք բողոքներ ստանում, հատկապես Հայաստանի մարզերից, որ այնտեղ գործող մասնավոր ընկերությունները չհիմնավորված բարձր վճարներ են պահանջում չափումների ծառայությունների դիմաց, այդ պատճառով էլ ընդունվեց այդ որոշումը»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Մուսայանը։

Ըստ նրա` Պետական կադաստրը պատրաստ է համապատասխան արտոնություններ տրամադրել և աշխատանքի ընդունել այն մասնագետներին, որոնց թեկնածությունները կներկայացնեն մարզկենտրոնները։

«Մարզկենտրոնների կողմից նման թեկնածությունների ներկայացման դեպքում մենք նրանց համար վերապատրաստման համապատասխան դասընթացներ կանցկացնենք, և քննությունների հանձնումից հետո նրանք կկարողանան աշխատանքի անցնել»,– ավելացրեց նա։

Մուսայանն ընդգծեց, որ «Գեոդեզիա և քարտեզագրություն» կազմակերպության մասնագետների կողմից տրամադրվող ծառայությունների գները զգալիորեն ցածր են մասնավոր հատվածի կողմից հատկացվող ծառայությունների արժեքից։

Որպես օրինակ նա պարզաբանեց, որ եթե մասնավոր հատվածի մոտ բազմաբնակարանային շենքերի բնակարանների չափման միջին արժեքը կազմում է 15–25 հազար դրամ, ապա «Գեոդեզիա և քարտեզագրություն» կազմակերպությունը մինչև 100 քմ տարածք ունեցող բնակարանը չափում է 1 քմ–ի դիմաց 100 դրամով (միջինը մեկ բնակարանի համար 10 հազար դրամ)։

Մասնավոր հատվածի մոտ մինչև 100 քմ տարածք ունեցող տնամերձ հողամասի չափման միջին արժքը կազմում է 25–30 հազար դրամ, իսկ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ–ը, ըստ Մուսայանի` չափումն իրականացնում է 15 հազար դրամով։

Նա նշեց նաև, որ 2012թ.–ի ընթացքում Պետական կադաստրի համակարգում լայնածավալ և համալիր բարեփոխումներ են իրականացվել։

«Հայաստանի Պետական կադաստրի համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում` 2012թ.–ի հունվարի 1–ից լիկվիդացվել են կադաստրի տարածքային ստորաբաժանումները, դրանց փոխարեն հայտնվել են սպասարկման գրասենյակները։ Այսինքն` վերացվել է անշարժ գույքի գտնվելու վայրի կադաստրի տարածաշրջանային բաժիններ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտությունը»,– նշեց նա։

Ըստ Մուսայանի` նաև էլեկտրոնային ստորագրություններ ունեցող անձինք հնարավորություն են ստացել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքի միջոցով առցանց ռեժիմով փաստաթղթեր ներկայացնել կադաստր` առանց անմիջական այցելության։ ($1 – 407,73 դրամ է)։ --0—