Հայաստանը փոխում է ԱԷԿ–ի նորոգման և վերալիցքավորման ժամկետները. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը փոխում է Հայկական ատոմակայանի նորոգման և վերալիցքավորման ժամկետները, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Արեգ Գալստյանը:
2014 թ.-ին պլանային նորոգման նպատակով հայկական ԱԷԿ-ի աշխատանքի կանգնեցումը անհրաժեշտություն ստեղծեց գնել ջերմակայանների ավելի թանկ էլեկտրաէներգիա, ինչն արդյունքում ազդեց էլեկտրաէներգիայի սակագների վրա և բնակչության շրջանում դժգոհություն ստեղծեց:
Ինչպես նշեց փոխնախարարը, հաջորդ տարվանից Հայաստանը վերալիցքավորման ժամկետը կտեղափոխի հոկտեմբեր-նոյեմբերից մայիս: «Աշխատանքների տեղափոխումը մայիս թույլ կտա Հայաստանին օգտագործել այս ժամանակահատվածում վրացական փոքր ՀԷԿ-երի ավելի էժան էլեկտրաէներգիան, որոնք այս շրջանում ավելցուկ են տալիս` հրաժարվելով ջերմակայանների ավելի թանկ էլեկտրաէներգիայի օգտագործումից», - ասաց Գալստյանը:
Նա նշեց, որ Վրաստանում մայիսին փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի առավելագույն չափն է, և ցածր սպառման արդյունքում ավելցուկ է գոյանում, ինչից և կօգտվի Հայաստանը:
Ինչպես նշեց փոխնախարարը, Հայաստանն ունի արտադրական հզորություններ, որոնք էապես գերազանցում են ներքին սպառումը, սակայն դրանցից ոչ բոլորն են ընդունակ մրցել վրացական ՀԷԿ-երի հետ, հատկապես գարնանը, երբ ծախսերնէականորեն կրճատվում են:
«Մենք կկարողանանք սեզոնային փոխադարձ հոսքեր ապահովել` ստանալով էժան հիդրոէներգիա Վրաստանից և տրամադրելով նրանց ձմռանը մեր ՋԷԿ-երի արտադրանքը», - ասաց Գալստյանը:
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ` Երևանից 30 կմ դեպի արևմուտք։ Այս պահին գործում է ԱԷԿ–ի միայն երկրորդ էներգաբլոկը` ապահովելով երկրում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության մոտ 30–35 տոկոսը։
Հայաստանի կառավարությունը 2014 թ.-ի մարտին որոշեց երկարաձգել հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2026 թվականը` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված ուշացումների պատճառով: ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ֆինանսավորումը իրականացվելու է 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանողական վարկի և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին։ -0-