Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը վատացրել է իր դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշում՝ 144 երկրների շրջանում զբաղեցնելով 85-րդ տեղը

03.09.2014, 14:34
Հայաստանը 2014 թ.-ին վեց հորիզոնականով վատացրել է իր դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշում՝ 144 երկրների շրջանում զբաղեցնելով 85-րդ տեղը, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

Հայաստանը վատացրել է իր դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշում՝ 144 երկրների շրջանում զբաղեցնելով 85-րդ տեղը
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2014 թ.-ին վեց հորիզոնականով վատացրել է իր դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշում՝ 144 երկրների շրջանում զբաղեցնելով 85-րդ տեղը, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

Հայաստանը 2005 թ.-ին առաջին անգամ ներառվել է Համաշխարհային մրցունակության զեկույցում՝ աշխարհի 177 երկրների շրջանում զբաղեցնելով 79-րդ տեղը: 2012 թ.-ին Հայաստանը աշխարհի 144 երկրների շրջանում զբաղեցրել է 82-րդ տեղը, իսկ 2013 թ.-ին՝ 79-րդ տեղը 148 երկրների շրջանում:

«Զեկույցում մրցունակության գնահատման գրեթե բոլոր չափորոշիչներով Հայաստանի դիրքերն էապես չեն տարբերվում զարգացման նման մակարդակ ունեցող երկրների դիրքերից, բացի երկու պարամետրերից՝ շուկայի չափը, որով մեր տարբերությունը զգալի է օբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև մակրոտնտեսական կայունությունը, որտեղ Հայաստանը ևս ավելի թույլ դիրքեր է զբաղեցնում, քան անցումային փուլում գտնվող մյուս երկրները», - ասաց Հերգնյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Նրա խոսքերով՝ վարկանիշային աղյուսակում Հայաստանի մոտակա հարևաններն են Մոլդովան, Իրանը, Յամայկան, Թունիսը, միաժամանակ Հայաստանը հետ է մնում տարածաշրջանի բոլոր երկրներից: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա նրա խոսքերով՝ Հայաստանն առաջ է անցնում միայն Տաջիկստանից (91-րդ տեղ) և Ղրղըզստանից (108-րդ տեղ)՝ զիջելով Ադրբեջանին (38-րդ տեղ), Ղազախստանին (50-րդ տեղ), Ռուսաստանին (53-րդ տեղ), Վրաստանին (69), Ուկրաինային (76), Մոլդովային (82):

«Հայաստանը անցումային փուլից հայտնվել է զարգացման փուլում՝ արդյունավետության բարձրացման հիման վրա, քանի որ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մասնաբաժինը գերազանցել է 3 հազար դոլարը: Եթե դիտարկենք ԱՊՀ երկրներն այս ցուցանիշով, ապա առաջատարներն են Ղազախստանն ու Ռուսաստանը, որոնք գտնվում են արդյունավետության փուլից նորարարությունների զարգացման փուլի անցնման վրա, նրանց են հետևում Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան, մի փոքր զիջում են Ադրբեջանն ու Մոլդովան», - ասաց Հերգնյանը:

Նրա խոսքերով՝ փաստորեն Հայաստանի համար ավելի արդիական է դառնում արդյունավետության բարձրացումն ու նորարարությունների ներդնումը, ինչը սկսում է գերակշռել վարկանիշի գնահատականում:

Հերգնյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի ցուցանիշների աճ է գրանցվել  12 հիմնական կատեգորիաներից միայն երեքում՝ ենթակառուցվածքներ, բարձրագույն կրթություն և տեխնոլոգիական պատրաստվածություն, իսկ մնացած մյուս ցուցանիշներով Հայաստանում գրանցվել է անկում՝ 1-ից մինչև 24 կետով:

Հայաստանի առավել հետաքրքիր առավելություններից նա նշեց, որ մեր երկրում մեծահասակ բնակչության շրջանում ՁԻԱՀ-ի տարածման ամենացածր մակարդակն է (առաջին հորիզոնական): Հայաստանն առավել բարձր ցուցանիշներ է գրանցել նաև բիզնես սկսելու համար անհրաժեշտ ընթացակարգերի գծով (3-րդ տեղ), նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի թվով (9-րդ տեղ), շահերի իրավական պաշտպանության մակարդակով (22-րդ տեղ):

Իսկ թերություններից Հերգնյանը նշեց նավահանգիստների ենթակառուցվածքների որակը (134-րդ տեղ), ինչը բնական է Հայաստանի համար, որը չունի ծովային ուղիներ, ՀՆԱ-ում արտահանման մասնաբաժինը (127-րդ տեղ), արտաքին շուկայի չափի գործակիցը (126-րդ տեղ), տաղանդները պահելու երկրի հնարավորությունը (123-րդ տեղը), պետության կողմից պրոգրեսիվ տեխնոլոգիաների գնումը (121-րդ տեղը):

Նրա խոսքերով՝ զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է մնալ ռիսկային վիճակում, և շատ երկրներ դեռևս չեն կարողանում լիարժեք իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, որոնք հարկավոր են տնտեսական աճի համար:

Նրա խոսքերով զեկույցում նաև շեշտադրվում է տաղանդների և նորարարությունների պահպանումը, և սրանք այն երկու հիմնական գործոններն են, որոնք ապագայում մասնավոր և պետական հատվածի ջանքերի զուգակցման դեպքում կարող են օգնել տնտեսական աճի ապահովման հարցում:

Երկրների առաջին տասնյակը երկար տարիներ գրեթե անփոփոխ է՝ Շվեյցարիա, Սինգապուր, ԱՄՆ, Ֆինլանդիա, Գերմանիա, Ճապոնիա, Հոնկոնգ, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա և Շվեդիա:

Հայաստանը Համաշխարհային մրցունակության զեկույցում մասնակցում է 2005թ.-ից։
Այս տարի հարցմանը մասնակցել են խոշոր, փոքր/միջին բիզնեսի հայկական 80-100 ընկերությունների ղեկավարներ։

Համաշխարհային տնտեսական ֆորումը անկախ միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է բարելավել աշխարհում տիրող իրավիճակը առաջնորդների միջև գործընկերության հաստատման միջոցով՝ գլոբալ մասշտաբում, ինչպես նաև տարածաշրջանների և ճյուղերի մակարդակում օրակարգի ձևավորման համար:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական ֆորումի» Մրցունակության գլոբալ ցանցի գործընկերն է:-0-