Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում դեպի ՀՀ ներդրումների հոսք կունենանք. ԿԲ նախագահ

09.09.2025, 15:36
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը գնահատել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված փաստաթղթերի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա
Խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում դեպի ՀՀ ներդրումների հոսք կունենանք. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը գնահատել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված փաստաթղթերի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։

«Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պարագայում մենք կունենանք ավելի մեծ և ավելի զգալի ազդեցություն՝ թե՛ ռիսկի հավելավճարի նվազման, թե՛ դեպի Հայաստան ներդրումների հոսքի տեսանկյունից», - երեքշաբթի ԱԺ նիստում ասել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպություններից և գործընկերներից շատ դրական ազդակներ և արձագանքներ են գալիս, սակայն, ամեն դեպքում, որոշակի անորոշություն է պահպանվում իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ։

«Հենց այդ պատճառով էլ Fitch-ը չի վերանայել Հայաստանի վարկանիշը, այլ դրական երանգ է տվել դրան», - նշել է Գալստյանը։

Օգոստոսի 19-ին Fitch Ratings-ը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, հավանաբար, անմիջապես չի ազդի երկու երկրների վարկանիշների վրա, բայց կարող է նպաստել վարկային ոլորտում դրական միջնաժամկետ միտումների։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։