Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԼՂՀ վարչապետը ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ քննարկել է սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ

12.06.2014, 16:43
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ քննարկելու 2013թ. բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առնչվող որոշ հարցեր, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԼՂՀ վարչապետը ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ  քննարկել  է սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ քննարկելու 2013թ. բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առնչվող որոշ հարցեր, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վարչապետը ողջունել է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև պարբերական շփումները՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և հիմնախնդիրների վերհանման համատեքստում:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը:

Հարությունյանը կարևորել է խորհրդարանի դերը պետբյուջեի կատարողականի արդյունավետության բարձրացման գործում՝ ակնկալելով կառուցողական առաջարկներ այդ ուղղությամբ:

Վարչապետի խոսքով՝ հանրապետության բյուջեն ուղղված է գլխավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և դրա պլանավորումն ու իրագործումը պետք է ելնեն այդ տրամաբանությունից:

Քննարկվել են նաև կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը շեշտադրել է տնտեսությունում որակյալ կադրերի սղության խնդիրը և կարևորել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը նշված ոլորտում հաջողություններ գրանցելու համար:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Շուշիի արհեստագործական ուսումնարանի նշանակությանը և նախատեսվող աշխատանքներին, որոնք սկսելու են սույն թվականի սեպտեմբերին:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ֆրանսիական մոդելով աշխատող ուսումնարանն ի վիճակի է լինելու պատրաստել շինարարության բնագավառի որակյալ մասնագետներ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:--0--