Մեկնարկում է եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների նոր փուլը. ՊԵԿ
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների նոր փուլը։ Այս մասին հայտում է Պետեկամուտների կոմիտեն։
ՊԵԿ-ի տեղեկացմամբ, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից կազմակերպվող իրազեկման միջոցառումների նոր շարքի առաջին հանդիպումը կկազմակերպվի Երևանում, սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 16։00-ին, Կոմիտաս 35 հասցեում։
Հանդիպման ընթացքում մանրամասն կներկայացվեն ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը:
ՊԵԿ-ը նշում է նաև, որ հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով և այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկմանը զուգահեռ, լրացնել և հանձնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Հանդիպմանը մասնակցելու համար քաղաքացիները պետք է gohar_arabajyan@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին նախապես ուղարկեն հետևյալ տվյալները՝ անուն ազգանունը, ՀԾՀ-ն, կոնտակտային տվյալները և էլեկտրոնային փոստային հասցեն:
Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրազեկման հերթական հանդիպումները նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 26-ին, ժամը՝ 16։00-ին՝ նույն հասցեում։
Հաջորդ հանդիպումների մասին ևս լրացուցիչ կիրազեկվի։