Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանը բարձր է գնահատել Վրաստանի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում

Այսօր, 14:08
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած շարունակական աջակցության համար
Փաշինյանը բարձր է գնահատել Վրաստանի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեին՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած շարունակական աջակցության համար

«Մենք տեսնում և զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի և տնտեսական կապերի զարգացման ճանապարհին: Ավելին ասեմ, անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան: Եվ հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով: Իհարկե, այս գործում անգնահատելի է Ձեր աջակցությունը»,- Վրաստանի Սիղնաղի բնակավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կողմերը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այն մեծ հնարավորությունների վրա, որ բացվում է տարածաշրջանի համար: 

«Իհարկե, հիմա միջազգային իրավիճակը շատ բարդ է և մեծ առումով տարածաշրջանային իրավիճակն է շատ բարդ: Բայց մյուս կողմից՝ հույս ունենք և համոզված ենք, որ ամեն դեպքում ռազմավարական առումով տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է և մենք պետք է մեր ռազմավարությունները կառուցենք, իհարկե, յուրաքանչյուրս մեր օրակարգը ունենալով, բայց ակնհայտորեն, հնարավորությունների, մարտահրավերների, ռիսկերի տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է»,- ասել է ՀՀ գործադիրի ղեկավարը։

Ըստ նրա, 2021 թվականին ՀՀ Կառավարության ծրագրում ի հայտ եկավ մի հասկացություն, որ նախկինում մեր քաղաքական օրակարգում և խոսույթի մեջ չկար: 

«Դա մենք անվանում ենք տարածաշրջանացում: Այս առումով, իհարկե, Վրաստանի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատուկ նշանակություն։ Նաև ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին Վրաստանի աջակցությամբ՝ այդ գործում Վրաստանի դերը չափազանց կարևոր է, փորձում ենք նաև խորացնել եռակողմ տարածաշրջանային համագործակցություն՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կարծում եմ՝ սա էլ մի ուղղություն է, որը շատ մեծ հեռանկար ունի, և ես հույս ունեմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք այս առումով նույնպես որոշակի զարգացումներ ունենալ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը միտված քայլերին։ Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերներին մանրամասներ է ներկայացրել TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։