Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՏՄՊՊՀ-ն ինն ամսում 112 տնտեսվարող սուբյեկտի է տուգանել

26.10.2012, 15:36
Հայաստանի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը 2012 թվականի ինն ամսում տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու մասին 112 որոշում է ընդունել, ուրբաթ ասաց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպման ժամանակ:
ՏՄՊՊՀ-ն ինն ամսում 112 տնտեսվարող սուբյեկտի է տուգանել
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը 2012 թվականի ինն ամսում տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու մասին 112 որոշում է ընդունել, ուրբաթ ասաց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպման ժամանակ:
.
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ շնորհիվ  ուղղորդված և նպատակային աշխատանքի, տարեցտարի ավելանում են տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ  որոշումները, արդյունքում բացահայտվում և լուծում են ստանում մի շարք մրցակցային խնդիրներ: Այսպես, եթե 2008-ին Հանձնաժողովը կայացրել է նման 31, իսկ 2009-ին 25 որոշում, ապա 2010-ին դրանց թիվը եղել է 106, 2011-ին՝ 198, իսկ այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ արդեն իսկ 112 որոշում:

Նշված ժամանակահատվածում նշանակված տուգանքների չափը, ըստ տարիների, 3 մլն դրամից հասել է մինչև 351 մլն դրամի: Շաբոյանը նաև նշեց, որ նախորդ տարի բողոքարկվել է  20, իսկ այս տարի՝ 5 որոշում: 17-ի մասով Հանձնաժողովի որոշումները մնացել են ուժի մեջ, իսկ 7 բողոքարկումները  դեռևս դատական փուլում են: ՏՄՊՊՀ որևէ որոշում դատարանի կողմից անվավեր չի ճանաչվել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Մրցունակության համաշխարհային զեկույցի հրապարակած տարեկան ցուցանիշներին, ըստ որի Հայաստանը մրցունակության առումով ակնհայտ առաջընթաց է արձանագրել: Միայն գերիշխող դիրքերի ազդեցությունը մրցակցության վրա ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 43 կետով: Տեսանելի առաջընթաց կա նաև  հակամենաշնորհային քաղաքականության ուժեղության (+23 ) եւ ներքին շուկայում մրցակցության ինտենսիվության ցուցանիշով (+9 ): Ընդ որում` տարածաշրջանի մյուս երկրները, նշված ցուցանիշների առումով հիմնականում հետընթաց են արձանագրել:
 
Դեսպան Կուխտան նշեց, որ Ուկրաինայի կառավարությունը կարևորում է Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերը և ընդգծեց, որ դրանք մեծապես կնպաստեն նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին:

Կարևորելով Հանձնաժողովի գործունեությունը, դեսպանը ընդգծեց, որ հետաքրքրված  է այն քայլերով, որոնք իրականացվում են  մրցակցային իրավիճակի բարելավման ուղղությամբ: Կուխտան նշեց, որ իրենք շահագրգռված են երկու երկրների մրցակցային մարմինների առավել ինտենսիվ համագործակցությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի  երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու  ամրապնդմանը:  -0-