Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 100մլն դոլար տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը (ԿԶԵՀ) 2024թ․–ի մայիսի 6–ին որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100մլն դոլարի ֆինանսավորում տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով։ Միջոցները կուղղվեն 2024թ․–ի բյուջեի աջակցմանը և տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության Բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքում։
Ծրագիրը նախատեսում էր միջոցների իրականացում տնտեսական աճի ներուժի, աշխատանքային շուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման մասով:
Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) ավելի քան 9մլրդ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հաստատվել է 2009թ․–ին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ ԿԶԵՀ–ի նպատակն է աջակցել տնտեսական և ֆինանսական կայունությանը հիմնադրամի մասնակից պետություններում, ինչպես նաև աջակցել դրանց կայուն զարգացմանը։