Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

CNBC. Եվրամիությունը պատրաստ չէր Ռուսաստանի հետ «առևտրային պատերազմին»

12.08.2014, 13:50
Չնայած նախազգուշացումներին` Եվրամիությունը չափազանց վրդովված և զարմացած է, որ Ռուսաստանը պատասխանել է Արևմուտքի պատժամիջոցներին, եվրոպացի քաղաքական գործիչների նման անպատրաստությունը կարող է նրանց դեմ շրջվել, գրում է CNBC–ն։
CNBC. Եվրամիությունը պատրաստ չէր Ռուսաստանի հետ «առևտրային պատերազմին»
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չնայած նախազգուշացումներին` Եվրամիությունը չափազանց վրդովված և զարմացած է, որ Ռուսաստանը պատասխանել է Արևմուտքի պատժամիջոցներին, եվրոպացի քաղաքական գործիչների նման անպատրաստությունը կարող է նրանց դեմ շրջվել, գրում է CNBC–ն։

Ֆինլանդիան, Լեհաստանը և մերձբալթյան պետություններն արդեն դիմել են Եվրամիության իշխանություններին Ռուսաստանի պատասխան քայլերի հետ կապված վնասները փոխհատուցելու խնդրանքով։ Ֆրանսիայում, Հոլանդիայում և այլ երկրներում մտահոգվել են, որ ՌԴ–ի արտահանման սահմանափակումների պատճառով ներքին շուկաների գերառաջարկը կհանգեցնի որոշ ապրանքների գների կտրուկ նվազման։ Դա իր հերթին բացասաբար կազդի ԵՄ ողջ գյուղատնտեսական հատվածի վրա, որը հիմնականում գործում է պետական դոտացիաների հաշվին, նշում է հեռուստաալիքը։

Այնուամենայնիվ, Եվրամիությունը չպետք է զարմանա Ռուսաստանի պատասխան քայլերից, քանի որ Մոսկվան մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում էր Արևմուտքին այդ մասին, և արդյունքում անցավ դրանց իրականացմանը ԵՄ–ի ու ԱՄՆ–ի պատժամիջոցների երրորդ փուլից հետո։ Գյուղատնտեսներին ԵՄ–ի խոստացած 400 միլիոն եվրոյի փոխհատուցումը միանգամայն բավարար չէ, գրում է CNBC–ն։ Ռուսաստանը եվրոպական գյուղատնտեսական արտադրանքի իրացման` ծավալով երկրորդ շուկան է, ՌԴ–ում ԵՄ–ի գյուղատնտեսական ներկրման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 12 միլիարդ եվրո։

Եվրոպայի կենտրոնական բանկը նույնպես գործնականորեն խուսանավելու հնարավորություն չունի, նշում է CNBC–ն` գործազրկության բարձր մակարդակը և Եվրամիության ու Ռուսաստանի չդադարող «առևտրային պատերազմի» ֆոնին աճող քաղաքական անվստահությունը վարկերի չափազանց մեծ կարիք ունեցող եվրագոտուն որևէ դրական ակնկալիքներ չեն տալիս։ Արդեն այժմ նկատելի է աճի դանդաղումն ու ակտիվության անկումը, միաժամանակ Բրյուսելի և Մոսկվայի տնտեսական դիմակայությունը վերջ չունի, քանի որ մինչ օրս հայտնի չէ, թե ինչպես կարելի է կարգավորել ուկրաինական հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Իսկ առայժմ ֆոնդային բորսաների ցուցանիշները ցույց են տալիս, որ որքան ավելի է կապված ԵՄ պետությունը Ռուսաստանի հետ, այնքան ավելի են նվազում նրա ակտիվների գները, և այդ միտումը շարունակվում է, նախազգուշացնում է հեռուստաալիքը։ -0-