Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Total–ը և E.On–ը հրաժարվել են Անդրադրիատիկ գազատարի կառուցման նախագծից

03.06.2014, 13:31
Total և E.On ընկերությունները մտադիր են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի (Trans Adriatic Pipeline, TAP) շինարարության նախագծից, որով ծրագրվում է Եվրոպա գազ հասցնել ադրբեջանական Շահ–Դենիզ հանքավայրից։
Total–ը և  E.On–ը հրաժարվել են Անդրադրիատիկ գազատարի կառուցման նախագծից
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/.  Total և E.On ընկերությունները մտադիր են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի (Trans Adriatic Pipeline, TAP) շինարարության նախագծից, որով ծրագրվում է Եվրոպա գազ հասցնել ադրբեջանական Շահ–Դենիզ հանքավայրից։

Total–ի և E.On–ի հեռանալու մասին լրագրողներին ոչ պաշտոնապես հայտնել է այսօր Բաքվում բացված «Կասպյան նավթ և գազ» ցուցահանդեսի ղեկավար Վագիֆ Ալիևը` Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR, TAP նախագծի 20–տոկոսանոց բաժնետեր) ներդրումային դեպարտամենտի ղեկավարը։ Նա չի ներկայացրել մանրամասները, Total–ում (10% TAP–ում) և E.On (9% TAP–ում) տեղեկությունն առայժմ չեն հաստատում, տեղեկացնում է  РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Total –ից և E.On–ից բացի, TAP–ի համասեփականատերերն են British Petroleum (20%), SOCAR (20%), Statoil (20%), Եվրոպայում տարանցիկ գազի խոշորագույն օպերատոր Fluxys (16%) և  Axpo շվեյցարական էներգետիկ ընկերությունները (5%)։

2013 թվականին ադրբեջանական Շահ–Դենիզ հանքավայրի մշակման կոնսորցիումը (որի կազմում են BP–ն, SOCAR–ը և Total) Անդրադրիատիկ գազատարն ընտրել է որպես Եվրոպա գազամատակարարման հիմնական միջանցք։

TAP գազատարի մեկնարկային կետը պետք է դառնա թուրք–հունական սահմանում գտնվող Կիպոյ քաղաքը, որտեղ TAP–ը կհատվի Թուրքիան հատող Անդրանատոլիական գազատարի (TANAP) հետ։ Դրանից հետո  TAP–ը պետք է 550 կմ անցնի Հունաստանի տարածքով, 210 կմ` Ալբանիայի տարածքով, հատի Ադրիատիկ ծովը (ստորջրյա հատվածի երկարությունը կկազմի 105 կմ, խորությունը` մինչև  810 մ) և ցամաք դուրս գա իտալական «երկարաճիթ կոշիկի կրունկի» վրա` Սան Ֆոկա գյուղի շրջանում։

TAP խողովակաշարի նախնական հզորությունը կկազմի տարեկան 10 մլրդ խորանարդ մետր` տարեկան մինչև 20 մլրդ խորանարդ մետր ընդլայնելու հնարավորությամբ։ TAP–ի շինարարության սկիզբն ակնկալվում է 2015 թվականին, գազի առաջին մատակարարումները Եվրոպային ծրագրվում է սկսել 2018-2019 թվականներին։

Շահ–Դենիզ ծովահանքավայրի մշակման պայմանագիրը ստորագրվել է 1996 թվականի հունիսի 4–ին։ Համաձայնագրի մասնակիցներն են` BP (օպերատոր) - 25,5%, Statoil - 25,5%, NICO - 10%, Total - 10%, Lukoil - 10%, TPAO - 9%, SOCAR - 10%։ Հանքավայրի պահուստները գնահատվում են 1.2 տրլն խորանարդ մետր։

Հանքավայրում ամենամեծ արդյունահանումը մշակման առաջին փուլում կանխատեսվում է 9 մլրդ խորանարդ մետր մակարդակում։ Կանխատեսումների համաձայն, հանքավայրի մշակման երկրորդ փուլի շրջանակում գազի արդյունահանման ծավալն այստեղ կարելի կլինի հասցնել տարեկան մինչև 24 մլրդ խորանարդ մետրի։ -0-