Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելանում. ԱԳՆ–ն հայտնում է 6 զոհի մասին
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը», – հայտնել է նա Facebook–յան իր էջում։
Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։
«Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։ Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ», – նշել է Նաղդալյանը։
Օգոստոսի 4–ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Լիբանանի ուժային կառույցները, դետոնացիայի է ենթարկվել 2015թ.–ին նավերից մեկից բռնագրավված բեռում պահվող 2,7 տոննա ամոնիումային սելիտրան։ Այս տարիների ընթացքում պայթյունավտանգ նյութը պահվել է նավահանգստի պահեստում` հետագայում այն ոչնչացնելու նպատակով։ Երկրում սուգ է հայտարարվել։ Աղետի գոտի համարվող քաղաքում երկու շաբաթով հայտարարվել է արտակարգ դրության ռեժին։ Վերջին տվյալներով, պայթյունից զոհվել է ավելի քան 100 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:37 05.08.2020