Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երկու հայ է մահացել Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով

06.02.2023, 13:01
Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա
Երկու հայ է մահացել Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշել է, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշել է, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր:

«Քաղաքում դեռևս պահապանվում է անհանգիստ վիճակը, քանի որ առավոտվա ժամը 4:17-ից մարդիկ դուրս են եկել իրենց տներից: Արդեն պաշտոնապես հաստատվել է 34-35 շենքի ամբողջական փլուզումը: Բոլոր համապատասխան գերատեսչությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով»,- ասել է Ժիրայր Ռեյիսյանը:

Նա ընդգծել է, որ Սիրիայի նախագահը նախարարների հետ արտակարգ նիստ է անցկացրել, որի արդյունքում այլ քաղաքներից բժշկական, մասնագիտական և փրկարարական խմբեր են ուղարկվել Հալեպ, Լաթաքիա և Համա քաղաքներ, որոնք երկրաշարժի հարվածից ամենաշատն են տուժել:

«Երկրաշարժի հետևանքով հայկական շինությունների որոշ մասը վնասվել են, ամբողջական փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան: Բայց պետք է նշեմ, որ գրեթե բոլոր տեղերում էլ որոշակի վնասներ կան»,- եզրափակել է պատգամավորը:

Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով 237 է, տուժածների թիվը հասել է 639-ի: Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորների թիվը՝ 2383-ի:–0–