Հայաստանում ուժեղ երկրաշարժ էր, ԱԻՆ-ը զգուշացնում է հետցնցումների ակտիվության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանկով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ, Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։
«Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել», - նշել են գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 13-ին, Հայաստանում կրկին գրանցվել էր ուժեղ երկրաշարժ, որը զգացվել էր նաև Երևանում:-0-