Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետի դին` գլխի շրջանում հրազենային վիրավորումով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը):
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ Հարությունյանը 2003 - 2008 թթ. -ին զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնը։ 2008 թ. մայիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից: 2008 թ. հունիսի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: 2010 թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: 2010 թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։–0–