Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայտնի է Մեգամոլում 53–ամյա տղամարդուն դանակահարած անձի ինքնությունը․ նրան դեռ չեն հայտնաբերել

06.02.2024, 10:50
Կիրակի Մեգամոլում դանակահարություն է տեղի ունեցել
Հայտնի է Մեգամոլում 53–ամյա տղամարդուն դանակահարած անձի ինքնությունը․ նրան դեռ չեն հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի փետրվարի 04-ին, ժամը՝ 16:35-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխել 1971թ․ ծնված՝ Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող մի տղամարդու, ով ենթարկվել է անհետաձգելի վիրահատության, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Պարզվել է, որ տղամարդը վնասվածքն ստացել է նշված առևտրային կենտրոնում գործող «Ֆուդ Կորտ» սննդի կետում՝ մեկ այլ անձի կողմից սուր կտրող ծակող առարկայի գործադրման արդյունքում։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող, սակայն վերջինիս հետ հնարավոր չի եղել կատարել ապացուցողական և վարութային գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից վերցվել են արնանման հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրին ուղղված տեսանկարահանող սարքերի պարունակությունը, որոնք վերցվել և զննվել են։ Հարցաքննվել են մի շարք վկաներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հանցանքն առերևույթ կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարցուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ։

Ոստիկանությանը տրվել է վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հանցագործության ամբողջական հանգամանքները, այդ թվում նաև կատարվածի շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–