Կանխվել է օդային ճանապարհով մոտ 1կգ մարիխուանայի ապօրինի ներմուծման փորձ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․Ս. պատրաստվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով ներմուծել թմրամիջոցներ:
«Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը` տվյալ քաղաքացու ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է քաղաքացու ինքնությունը, ով Վալենսիա-Վիեննա-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցների կողմից ենթարկվել է համապատասխան մաքսային հսկողության: Ուղեբեռների մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1կգ 400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ 3 փաթեթ, որոնք թաքցված են եղել քաղաքացու ուղեբեռի մեջ հայտնաբերված քաղցրավենիքի՝ երեք ստվարաթղթե տուփերում:
Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածներն, ինչպես նաև Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրերն ու առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը), ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացին կալանավորվել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:57 17.06.2022