Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խմբի վիրավոր անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

26.07.2016, 20:17
Զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։
ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խմբի վիրավոր անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Panorama.am-ին։

Զինված խմբի երկու անդամները վիրավորվել են երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը։ 

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա, այնուհետև` անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել։

Հարությունյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը նշել է, որ մեղադրանք առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Փաստաբանը հանդիպել է Հարությունյանի հետ:

 «Ցուցմունք չի տվել, իրեն մեղավոր չի ճանաչում»,- նշել է Ավետիսյանը:

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Հուլիսի 20–ի լույս գիշերը ՊՊԾ շենքի հարակից տարածքում զանգվածային անկարգություններ են կատարվել, որոնց հետևանքով տուժել է 62 մարդ, նրանցից 37–ը` ոստիկաններ։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների կազմակերպման փաստով, մեղադրանք է առաջադրվել վեց քաղաքացիների, ևս վեցը ձերբակալվել են։ -0-