Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ»–ում 5 ամսական երեխա է մահացել. ԱՆ–ն մանրամասնում է

29.06.2018, 21:08
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ»–ում 5 ամսական երեխա է մահացել. ԱՆ–ն մանրամասնում է։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ»–ում 5 ամսական երեխա է մահացել. ԱՆ–ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/.Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը:

Նախնական արդյունքներով՝ գրանցվել են վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Սակայն, ելնելով այս վիրուսի համաճարակաբանական առանաձնահատկություններից, նախարարությունը հորդորում է ծնողներին՝ ուշադրության առնել երեխաների մոտ հետևյալ ախտանշանների առկայությունը՝ ջերմության ալիքաձև բարձրացում, թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխում, քրտնարտադրություն, դող: Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով:

Եղանակային ներկա պայմաններում, երբ դիտվում է նաև աղիքային վարակների, այդ թվում և դիզենտերիայի ակտիվացում, հարկ է թվարկված ախտանշանների դեպքում խուսափել ինքնաբուժումից, դիմել մասնագետների: Չափազանց կարևոր է խուսափել ջրազրկումից: 

Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի մարտ-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է էնտերովիրուսով պայմանավորված շճային մենինգիտի 807 դեպք:  

Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչև մահվան դեպքերի: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ, ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով: Հայաստանում վերջին նման դրսևորումը հունիսի 26-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունված 5 ամսական երեխայի մահվան դեպքն է:  

Գերատեսչությունից զգուշացնում են, որ էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում:  

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան), հատկապես նորածինների խնամքի պարագայում, միրգը և բանջարեղենը լավ լվանալ, խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել։–0–