Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+20

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը. ՔԿ

22.10.2019, 14:55
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ կալանավորվել է նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը:
Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով (հանցակցություն կեղծ ձեռնարկատիրությանը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել) և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակցություն հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Միջնորդությունը մերժվել էր, և Գուրգեն Սարգսյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց:

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից որոշում է կայացվել՝ դատախազության բողոքը բավարարելու և Գուրգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին։-0-