Լիբիայի կառավարությունը հաստատել է երկրի վարչապետի առևանգման փաստը
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լիբիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է անհայտ մարդկանց կողմից երկրի վարչապետ Ալի Զեյդանի առևանգման փաստը` հայտնելով, որ քաղաքական գործիչն առևանգվել է «անհայտ պատճառներով» և գնացել է «անհայտ ուղղությամբ»։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Կառավարությունում ենթադրում են, որ առևանգիչները կարող են լինել լիբիացի ապստամբ հեղափոխականները, հաղորդում է РБК–ն։
Զինված մարդիկ դուրս են բերել վարչապետին Տրիպոլիի հյուրանոցից և պահակախմբի ուղեկցությամբ ավտոմեքենա են նստեցրել։ Ըստ ականատեսի, առևանգման ժամանակ հրաձգություն չի եղել։ Նա նշել է նաև, որ զինված մարդիկ հարգանքով են վերաբերվել և «խնդիրներ չեն ստեղծել»։
Հյուրանոցի պահակախումբը կատարվածն այնպես է նկարագրել, ասես «ձերբակալություն» է եղել։
Ավելի վաղ Զեյդանի գրասենյակը հերքել էր առևանգման մասին տեղեկությունը` այն «ասեկոսեներ» անվանելով։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:52 10.10.2013