Մահվան ելքով ՃՏՊ Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ողբերգական ավտովթար է գրանցվել նախօրեին երեկոյան Երևանի կենտրոնում։
Ինչպես հայտնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայությունը, նոյեմբերի 29-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի և 5-րդ դասի «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ի ուղևորն արգելափակված է, իսկ վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
««Toyota Land Cruiser»-ի վարորդը և ուղևոր 54–ամյա Մ. Ա.-ն տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևոր` 3–ամյա Մ. Ու.-ն` «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ 3–ամյա փոքրիկինը` ծանր:
«Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW»-ի ուղևոր 16–ամյա Ա. Գ.-ին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ երիտասարդը մահացել է։–0–