Մեկ ոստիկան սպանվել է, ևս երկուսը վիրավոր է. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/.ՀՀ ԱԱԾ–ն հերթական հաղորդագրությունն է տարածել Երևանում գրանցվող իրադարձությունների մասին։
«Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը ևպահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին»,– նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։
Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:
«Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:
Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար:–0–