Գյումրում կատարված սպանության գործը պետք է քննվի Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Գյումրում կատարված սպանության գործը պետք է քննվի Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությամբ. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Գյումրում կատարված սպանության գործը պետք է քննվի հայկական և ռուսական կողմերի համագործակցությամբ, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Ոստիկանության տվյալներով`հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Քոչարյանը նշեց, որ այս գործի հետ կապված են ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով ռուս–հայկական համաձայնագրի երկու կետերը։

Ինչպես նշեց  փոխարտգործնախարարը, առաջին կետը վերաբերում է ռուսական ռազմաբազայի կազմում գտնվող անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների գործերին, որտեղ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ու գործում են Հայաստանի լիազոր մարմինները։

Նրա խոսքերով` այս կարգը չի կիրառվում ռուսական ռազմաբազայի կազմում ներառված անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերի տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների գործերի կամ ռազմական հանցագործությունների դեպքում։

Ինչպես պարզաբանեց փոխարտգործնախարարը, այս դեպքում կատարվել է երկու հանցագործություն, որոնցից մեկը ծանր է (սպանություն) Հայաստանի տարածքում, իսկ երկրորդը (ռուսական իրավասության տակ) վերաբերում է պահակային ծառայության կանոնադրության խախտմանն ու զենքով զորամասն ինքնակամ լքելուն։

«Դա նշանակում է, որ պետք է համագործակցեն Հայաստանի և Ռուսաստանի դատական մարմինները, որպեսզի երկու ուղղությամբ դատավարությունը լիարժեք լինի։ Կարող եմ մի բան ասել` ամեն դեպքում դատական գործընթացը պետք է ընթանա Հայաստանի տարածքում», – ասաց Քոչարյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերահաստատել է, որ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ և որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանք կներկայացնի, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:53 15.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×