Հայաստանի ոստիկանությունն անընդունելի է համարում զինված անձանց մասնակցությունը հասարակական միջոցառումներին
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունն ուրբաթ հայտարարություն է տարածել, որ զինված մարդկանց մասնակցությունը հասարակական միջոցառումներին, անկախ զենք կրելու հանգամանքներից և օրինականությունից, չի պաշտպանվում Սահմանադրությամբ և օրենքներով և անընդունելի է հնարավոր ծանր հետևանքների տեսանկյունից։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախօրեի ուշ երեկոյան Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ:
«ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին և կանոններին, մշտապես երաշխավորել և երաշխավորում է խաղաղ հավաքների բնականոն ընթացքը և մշտապես հանդուրժողական մոտեցում է դրսևորում, քանի դեռ հավաքները կրել են խաղաղ բնույթ»,– ասվում է հաղորդման մեջ։
Ավելի վաղ ակցիայի` դատախազության մոտ հավաքված մասնակիցներն ուղղվել էին Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք, որտեղ նրանց դիմավորել է ոստիկանական շարասյունը։ Ցուցարարները սկսել են բղավել` պահանջելով իրենց ներս թողնել Հյուպատոսության շենք։ Պատասխան չստանալով` նրանք սկսել են քարեր նետել ոստիկանների վրա։
«ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է դադարեցնել հավաքն այն դեպքերում, երբ առաջացել է այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման անմիջական վտանգ»,– նշում է մամուլի ծառայությունը։
Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։
Ոստիկանները սկսել են պաշտպանվել և, մարդկանց զսպելու համար, սկսել են կիրառել լուսաձայնային նռնակներ։ Արդյունքում, վերջին տվյալներով, 14 մարդ տուժել է, 13–ը` ձերբակալվել։ .-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:36 16.01.2015